Լոռու մարզում սկսվել է 1988 թվականի երկրաշարժից տուժած գյուղերում տնակներում ապրող ընտանիքներին գումարով փոխհատուցելու գործընթացը։ Անցած տարեվերջին անցկացված հարցումների արդյունքում մարզի շահառուների գրեթե կեսը՝ 121 ընտանիք, նախընտրել էր բնակարանների ձեռքբերման այս տարբերակը: Մյուս մասի համար կառավարությունը խոստացել է առաջիկա մեկ-երկու տարիներին բնակարաններ կառուցել, որն ավելի թանկ կնստի պետության վրա, քան գումարով փոխհատուցելու դեպքում։
Լոռիում աղետից ամենաշատը տուժած Լեռնապատ գյուղի 91 շահառու ընտանիքներից 55-ը համաձայնել են կառավարության առաջարկին և նախընտրել որպես փոխհատուցում բնակարանների գնման վկայագրեր ստանալ պետությունից՝ 30 տարի սպասված բնակարանի խնդիրները լուծելու համար։
«Կյանքիս ուղիղ կեսն անց եմ կացրել տնակներում, մկների հետ կարելի է ասել», - ասաց բնակիչներից մեկը։
Լեռնապատցի Շուշանիկ Միկինյանի հինգ հոգանոց ընտանիքը պետությունից ստացած հինգ միլիոնի վկայականը ձեռքին չի կարողանում բնակարան գնել ոչ հայրենի գյուղում, ոչ էլ 20 կիլոմետր հեռու՝ մարզկենտրոն Վանաձորում։ Ասում է՝ տուն վաճառողները, հաշվի առնելով մեծ պահանջարկը, երեք սենյականոց բնակարանի գինը մոտ 4 հազար դոլարով թանկացրել են։
«Փնտրում ենք, չարչարվում ենք, ուրախացել ենք, ուզում ենք գնենք, բայց թանկ է, չենք կարողանում գնենք ու հուսահատվել ենք», - նշեց Շուշանիկ Միկինյանը։
Նարինե Բադալյանը 20 տարի առաջ հարևան Սպիտակից Պեպանյանների տուն հարս է եկել։ Տնակում երեք երեխա են մեծացրել։ Հիմա բնակարանի գնման վկայագիրն ստացել ու փոշմանել են։ Ասում է՝ ունեցած 9 միլիոնը չի հերիքում հինգ սենյականոց տուն գնելուն. գյուղում էլ են փնտրել, քաղաքում էլ։
«Ճիշտ է՝ սխալ արեցինք, որ չպահանջեցինք, որպեսզի մեր համար տուն սարքեն, գումարը պահանջեցինք, բայց դե եսիմ կկարողանա՞նք էդ գումարով տուն առնենք», - ասաց Բադալյանը։
Գրիգոր Աբազյանի ութ հոգանոց ընտանիքն էլ ձգտում է Վանաձորում տուն գտնել։ 12 հազար դոլարին համարժեք գումար են ստացել և ուզում են քաղաքում ուսում ստացող թոռան ետևից գնալ. «Էսօր հազար հատ տներ ենք նայել՝ 20 հազար, 25 հազար, 30 հազար, 11 հազարով մենք ի՞նչ կարանք առնենք»։
Բնակարանի գնման վկայագիր ստացած լեռնապատցի 55 ընտանիքից միայն 10-ի բախտն է բերել։ Գյուղում 10 վաճառվող տուն կա։ Դրանք երկրաշարժից հետո կառուցված տներ են, որոնց տերերը վաղուց արտագաղթել են ու լքված տները վաճառելու հնարավորությունից այսօր օգտվում են։
Լեռնապատցի Կամո Պեպանյանը, մինչդեռ, նախընտրել է տուն կառուցելու տարբերակը։ Պետությունն արդեն սկսել է նրա տան շինարարությունը։
«Հունիսին է ժամկետը, հունիսին պատրաստ կլինի», - ասաց Պեպանյանը։
Կառավարությունը խոստացել է, որ բնակարանների գնման վկայագրերով նախատեսված վեց ամիսներին տուն չգնելու դեպքում ընտանիքները չեն զրկվի հետագայում բնակապահովման պետական այլ ծրագրերից օգտվելու հնարավորությունից։ Իսկ թե ինչու լեռնապատցիների կեսը նախընտրել է ոչ թե բնակարանների կառուցման, այլ գումարի տարբերակը, ասում են, որ տասնամյակներ շարունակ մութ ու ցուրտ տնակներում ապրող ընտանիքներն այլևս համբերություն չունեն։
10 տարի առաջ «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը միլիոնավոր դոլարների հասնող գումար էր ստացել պետությունից աղետից տուժածների համար տներ կառուցելու նպատակով։ Բնակիչների հետ պայմանագրեր էր կնքել ու դեռևս չպարզված հանգամանքներում սնանկանալով՝ այդպես էլ գործը գլուխ չէր բերել։ Լեռնապատում «Գլենդեյլ Հիլզ»-ի կողմից գցված տասնյակ տան հիմքեր են, որ արդեն հողի տակ են անցել ու պիտանի չեն շինարարությունը շարունակելու համար։ Այժմ գումարները կորած են համարվում, իսկ աղետից տուժածները, որ դեռ 10 տարի առաջ տնատեր պիտի դառնային, տնակներում են ապրում։ Այսօր պետությունը կրկնակի գումար է ծախսում՝ նրանց տնով ապահովելու համար։
Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանն ի սկզբանե դեմ էր անօթևաններին գումարով փոխհատուցելու տարբերակին։ Մտավախություն ունի, որ նրանց մեծ մասը ստիպված են լինելու քաղաքներում բնակարան գնել, քանի որ գյուղերում այդքան տուն չես գտնի։
«Ես դրա համար բոլորին էլ հորդորում էի, որ «դուք տունը ընդունեք, որ կառուցեն, մի տարում կլինի, ես համոզված եմ կառավարության, մարզպետարանի ջանքերին, որ հաջորդ տարի՝ 21 թվին այս հարցը փակված պիտի լինի», ոչ թե չհավատացին, այլ էլի ասեմ՝ իրենց ծուլությունը, որ «արագ կտանք, կառնենք ու կվերջացնենք», - նշեց գյուղապետը։