Մատչելիության հղումներ

Սուրեն Գրիգորյանը ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի առաջարկը չընդունելն իրենց պարտությունը չի համարում


Վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու վերջնաժամկետը լրացավ երեկ։ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներից որևէ մեկը չցանկացավ օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, աշխատանքից ազատվելու դիմում գրել և մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով թոշակ ստանալ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը սա իշխանության պարտությունը չի համարում, նաև գտնում է, որ այս առաջարկն անհրաժեշտ ու ճիշտ քայլ էր:

Ներկայացնում ենք հատված Սուրեն Գրիգորյանի հետ «Ազատության» զրույցից.

«Ազատություն». - Երեկ վերջին օրն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները կարող էին օգտվել Ձեր խմբակցության առաջ քաշած նախագծից: Հայտնի է, որ որևէ մեկը նրանցից այդպես էլ չօգտվեց: Կարելի՞ է ասել, որ նրանք չսեղմեցին ձեր մեկնած ձեռքը:

Սուրեն Գրիգորյան. - Կարծում եմ՝ այո

«Ազատություն». – Ինչ-որ առումով սա համարո՞ւմ եք Ձեր խմբակցության պարտությունը:

Սուրեն Գրիգորյան. – Բացարձակ, որովհետև մենք ընդամենը ձեռքը պարզել էինք, ի սկզբանե չէինք ասել, որ ունենք վստահություն, որ որևէ դատավոր կներկայացնի համապատասխան դիմում, ասել ենք, որ կամավորության սկզբունքով է լինելու, կամավորության սկզբունքով դատավորները որոշեցին այդ հնարավորությունից չօգտվել, քանի որ միշտ ինչ ասել ենք, իրոք ասել ենք անկեղծ, և այնպես չի եղել, որ իմացել ենք մի բան, ասել ենք այլ բան, ասել ենք, որ սա առաջարկ է, եղել է առաջարկ, չընդունվեց: Ըստ իս՝ պետք է նաև արձանագրենք, որ կամավորության սկզբունքը չպահպանվեց, բայց չպահպանվեց ոչ թե իշխանության կողմից ճնշումների արդյունքում, այլ հակառակ կողմից հնչեցվեցին մի շարք գնահատականներ, որ սա օրինական կաշառք է: Եվ ես խնդիր չէի ունենա, եթե սրա մասին խոսեին միայն ոչ, այսպես ասեմ, պաշտոնյա անձինք, բայց անգամ Սահմանադրական դատարանի նախագահը, հղում կատարելով հենց այս խոսքերին, այն պարագայում, երբ որ այդ կարծիքները հնչեցրած անձինք բավականին ակնհայտորեն փոխկապակցված են իր հետ կամ իր մերձավոր շրջապատի հետ, ասաց՝ բա ոնց եք պատկերացնում՝ այս պարագայում մարդիկ այս առաջարկն ընդունեն, ինչը, ըստ իս, նաև ճնշում էր Սահմանադրական դատարանի այլ դատավորների նկատմամբ: Բայց ինչևէ, կարծում եմ, որ հենց բուն իշխանության գործողություն ճգնաժամի լուծմանն ուղղված եղել են երկուսը. առաջինը՝ վաղ կենսաթոշակի մասին օրենքի ընդունումը, երկրորդը՝ այժմ հանրաքվեի գործընթացը:

Ես չեմ համարում, որ սա ժամանակի կորուստ էր, որովհետև ես կարծում եմ, որ մի մասն անձանց կարող է ի սկզբանե շատ համոզված լինել, որ պետք էր հենց սկզբից այս միջոցին գնալ, բայց կարող են լինել մարդիկ, ում համար պետք էին լրացուցիչ ապացույցներ, լրացուցիչ համոզվածություն, որ այս խնդիրը պետք է լուծել հենց միայն այսպիսի ճանապարհով: Ես մնացած քայլերը կամ կոնկրետ քայլը շատ կարևոր եմ համարում, որպեսզի արժևորվի և հասկացվի, թե ինչու հանրաքվեով այս հարցը պետք է իրոք լուծվի, և ինչու է այդ ճգնաժամն իրոք առկա:

«Ազատություն». – Ի՞նչ է անելու «Իմ քայլը», եթե հանրաքվեի արդյունքում «Այո»-ն չհաղթի:

Սուրեն Գրիգորյան. - «Իմ քայլն» ի գիտություն է ընդունելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքը և գործելու է այդ կարծիքին համահունչ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG