Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնևում հանդիպել է Ռուսաստանի իր պաշտոնակցին՝ Սերգեյ Լավրովին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպելու և որոշ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար:
Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցեր, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներ:
ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև ԼՂ խաղաղ գործընթացին:
Նախարարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերին Լավրովի Երևան այցի ընթացքում:
Նախարարները մասնակցում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: