Մատչելիության հղումներ

7,6 տոկոս տնտեսական աճը հեղափոխության արդյունք է, վստահ է տնտեսագետը


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

2019 թվականը Հայաստանը փակել է 7,6 տոկոս տնտեսական աճով՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ 12 տարիների ընթացքում։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց, թե այս 7,6 տոկոսը տարբերվում է հեղափոխությունից առաջ գրանցված ցուցանիշներից նրանով, որ արժանահավատ է, բացի այդ՝ ազդեցություն ունի մարդկանց կյանքի և բարեկեցության վրա։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ ասել է, որ սա համարում է բնական և ամենևին էլ ոչ հեղափոխական թիվ։ Համաձա՞յն եք։

Վահագն Խաչատրյան. – Ամենևին ոչ։ Բնական չի, որովհետև եթե բնական լիներ, հաստատ ավելի ցածր կլիներ, կամ մենք ընդհանրապես իրական պատկերը չէինք իմանա, որովհետև միայն այնպիսի իրավիճակում կարող էինք այս թվերին մենք հասնել և այս թվերը իրական լինեին, երբ որ իրականում Հայաստանում հեղափոխական իրավիճակ կլիներ։ Այսինքն՝ սա հեղափոխության արդյունք է, սա էն քաղաքականության արդյունք է, որը վարում է այսօրվա կառավարությունը և հետևողական շարունակում է։

Ինձ համար այս ամենի մեջ, իհարկե, որպես կարևորագույն գործոն՝ դա պայքար կոռուպցիայի դեմ է, և այդ կոռուպցիայի [դեմ պայքարի] արդյունքում այս թվերի ճշմարտելիության հետ կապված արդեն կասկածներն էլ են վերանում։ Եվ երբ որ մենք գնահատում ենք ընդհանրապես տեղի ունեցողը Հայաստանի Հանրապետությունում, պետք է կարողանանք օբյեկտիվորեն ասել՝ տնտեսական առումով և հատկապես մասնագիտական շրջանակների կողմից, որ շատերը չէին հավատում, որ այսպիսի իրավիճակ կլինի, շատերը չէին հավատում, որ ընդհանրապես այսպիսի տնտեսական աճ կլինի։ Խոսքը վերաբերում է նույնիսկ անցյալ տարվան, և անցյալ տարվա տարբեր վերլուծությունների մեջ, ենթատեքստերի մեջ կար էսպիսի նաև գնահատական, որ սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Հիմա սպասում ենք, տեսնում ենք, որ իրական տնտեսական աճ կա, և էս իրական տնտեսական աճի ազդեցությունը արդեն տնտեսության վրա կա։

«Ազատություն». – Իսկ մարդկանց կյանքի վրա՞։

Խաչատրյան. – Մարդկանց կյանքի վրա աստիճանաբար կա, դա էլ, ի միջի այլոց, ներառական ազդեցության մասին որ խոսում է այսօրվա կառավարությունը, և շատ ճիշտ է, որ էդպիսի ուղղվածություն ունի, որովհետև նախկինում հիմնականում բոոլոր տնտեսական աճերը, երբ որ նկարվում կամ ներկայացվում էր 10 տոկոս, կամ, չգիտեմ, նույնիսկ 5, 4 և այլն, և 17 թվականի վերջին ամենահաջողված թիվը 7,5 էր, դրանք որևիցե ձևով չէին զգացվում սովորական քաղաքացիների վրա, որովհետև ո՛չ աշխատավարձ էր բարձրանում, ո՛չ կենսաթոշակ էր բարձրանում։ Ի միջի այլոց, երբ որ դրա մասին խոսում են, հիշեք, էս երկու տարվա ընթացքում թե գործող կառավարությունը քանի անգամ է աշխատավարձ բարձրացրել, կենսաթոշակ բարձրացրել, նվազագույն աշխատավարձի շեմ բարձրացրեց...

«Ազատություն». – Հա, բայց միջինը 4-5 հազար է թոշակը բարձրացրել...

Խաչատրյան. – Թեկուզ էդքան, թեկուզ 5 հազար դրամով բարձրացրել է, բայց եթե մինչև էդ դա էլ չկա՞ր՝ 500 դրամ էլ չկար, 1000 էլ չկար, երբ որ ընդամենը նվազագույն թոշակը շատ ծիծաղելի 14,5 հազար էր, ու միանգամից նվազագույն կենսաթոշակի շեմը բարձրացվեց կառավարության կողմից։

Գիտե՞ք, քաղաքացու տեսանկյունից, մեր տեսանկյունից շատ ճիշտ դիտարկում է, ես որևիցե ձևով չեմ էլ ուզում այդ հարցը վիճարկել, ու իրականում այն, ինչ որ տեղի է ունեցել, էական ազդեցություն չէր կարող ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա։ Բայց մյուս կողմից, երբ որ կառավարության տեսակետից եք նայում՝ կար 450 հազար թոշակառու, և այդ 450 հազար կենսաթոշակառուների թոշակը բարձրացնելու խնդիրը նույնիսկ, ասենք, 1000 դրամի՝ էական ազդեցություն կունենա բյուջեի վրա, բայց այս կառավարությունը գնաց։ Նախորդ կառավարությունը 3-4 տարիների ընթացքում որևիցե ձևով չէր ցանկանում ընդհանրապես դրա մասին խոսեր, մտածեր։

XS
SM
MD
LG