Մատչելիության հղումներ

Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու իրավունքը, շեշտում է ՀՀ նախագահը


Արցախի դրոշը, արխիվ
Արցախի դրոշը, արխիվ

Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու, աշխարհի քարտեզի՝ պատմականորեն իրեն պատկանող հայրենիքը հզորացնելու իրավունքը, հայտարարում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի Վերածննդի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը: Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ՝ ուր էլ նրանք լինեին, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր: Շուտով այն դարձավ փարոս, դեպի ուր ուղղվեցին Խորհրդային Միության ազատություն ու ժողովրդավարություն տենչող ժողովրդական լայն զանգվածների հայացքները», - ասված է ուղերձում, որը հրապարակել է ՀՀ նախագահի գրասենյակը։

«32 տարի առաջ արցախյան շարժումը յուրովի կարողացավ շարժել անշարժելի թվացյալ անիվը, կարողացավ մտածողություն փոխել, կարողացավ ընդլայնել ազատության ու արդարության սահմանները և այդ ամենի շնորհիվ ձևավորել պետություն՝ հերոսական ժողովրդով», - գրում է Արմեն Սարգսյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը: Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ»:

«Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում: Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը», - Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Բակո Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG