Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպելու են Փաշինյանն ու Ալիևը


Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20-ին, Մյունխենում կարճ հանդիպում կանցկացնեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Ապա 20:30-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե, վարելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես կգան ելույթներով, լրատվամիջոցների համար միջոցառումը բաց է:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:

Մինչև երեկոյան նախատեսված քննարկումը, Նիկոլ Փաշինյանն առավոտից մի շարք հանդիպումներ է անցկացնում:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին վարչապետն ասաց, թե թավշյա հեղափոխություն է եղել, բայց Սահմանադրական դատարանը մնում է օկուպացված, ականապատված: Բուրիչն էլ Փաշինյանին փոխանցեց, որ որոշ մտահոգություններ կան, որոնց վերաբերյալ կցանկանար լսել Հայաստանի վարչապետին: Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց չափանիշների և ստանձնած պարտավորությունների պահպանումը՝ նշելով, որ ԵԽԽՎ կսռույցները համագործակցում են հայաստանյան դատական համակարգի հետ:

Երեկ էլ վարչապետը Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի հետ զրույցում էր կարևորել խորհրդատվական, ֆինանսական, քաղաքական աջակցությունը Երևանին` դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների համար: Փաշինյանն այսօր Մյունխենում քննարկումներ անցկացրեց նաև Նորվեգիայի, Քուվեյթի, Լատվիայի առաջնորդների հետ, երեկ շփվել էր Կանադայի վարչապետի, Մոլդովայի նախագահի հետ:

Տասնամյակներով անցկացվող այս համաժողովը աշխարհում անվտանգության ոլորտի թերևս ամենահեղինակավոր միջոցառումներից է։ Այս տարի Մյունխեն էին ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը, նա ելույթ ունեցավ քվանտային քաղաքականության թեմայով քննարկմանը:

Այսպիսով Նիկոլ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Գերմանիա կավարտվի: Ուշ երեկոյան Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է Երևան:

Հիշեցնենք, այցի առաջին կանգառը Բեռլինն էր, որտեղ վարչապետին ընդունեցին ամենաբարձր մակարդակով. կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով Բեռլինը վերստին աջակցություն հայտնեց իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին: Բեռլինում Փաշինյանին ընդունեց նաև Բունդեսթագի նախագահը, վարչապետը տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպեց Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատում:

XS
SM
MD
LG