Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ծրագրում է այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ծրագրում եմ այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա և վերջերս էլ Ալմաթիում հանդիպում ունեցա Մոլդովայի վարչապետի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչև այցը կաշխատենք այցի օրակարգի վրա, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի։ Կարծում եմ՝ ընդհանուր շատ հետաքրքրություններ կան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք լավ համագործակցում ենք, բայց, այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է», - ասել է Փաշինյանը:
Դոդոնը, իր հերթին, նշել է. «Շատ ուրախ եմ, որ մենք ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ շրջանակում, Մոլդովան դիտորդի կարգավիճակով մասնակցում է Եվրասիական հանձնաժողովի աշխատանքներին։ ԵԱՏՄ-ն մեզ համար առաջնահերթություն է, այս տարի առաջին անգամ նաև մեր վարչապետն է մասնակցել այդ նիստին, մինչ այդ միայն նախագահն էր մասնակցում։ Ցանկանում եմ նշել, որ մեր երկկողմ օրակարգը շատ ակտիվ է, բայց ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական արդյունքները չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա հնարավորություններին։ Այս տարի, եթե չեմ սխալվում, այդ ծավալը 3,5-4 մլն եվրո է, և դա այն ծավալը չէ, որի մասին կարելի է խոսել որպես դրական դինամիկա։ Լիահույս եմ, որ այս տարի կկարողանանք նոր ազդակ հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին»։
Իգոր Դոդոնը հայտնել է, որ փետրվարի 24-25-ը Մոլդովայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
«Կարծում եմ, որ այս միջոցառումները՝ մեր խորհրդարանի խոսնակի այցը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, Ձեր պաշտոնական այցը, ընդ որում՝ կարծում եմ, որ Ձեր պաշտոնական այցի շրջանակում կարող ենք նաև գործարար համաժողով կազմակերպել, նոր ազդակ կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին։ Մենք պատմականորեն շատ լավ ենք հարաբերություններ ենք ունեցել, որոնք այսօր էլ այդ հունով շարունակվում են։ Մոլդովայում կա հայկական սփյուռք, ձեր ժողովրդի ներկայացուցիչներն ընդգրկված են մեր խորհրդարանական խմբակցության կազմում, Նախագահի աշխատակազմում։ Այդ իսկ պատճառով մենք անհամբեր սպասում ենք Ձեզ», - ասել է Մոլդովայի նախագահը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին և նշել, որ նիստում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնք կքննարկվեն վարչապետի՝ Մոլդովա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ այցը նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակում։