Մատչելիության հղումներ

Ղազախստան տարված ավտոմեքենաների հարցում «Հայաստանը որևէ լուրջ խնդիր չունի»


ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան
ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան

Պետական եկամուտների կոմիտի (ՊԵԿ) փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծում է, որ վաճառողները որևէ խախտում թույլ չեն տվել, ամեն ինչ իրականացվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից Հայաստանին տրամադրված արտոնության շրջանակում։

Հայաստանը հինգ տարի՝ մինչև այս տարվա հունվարի 1-ը ԵԱՏՄ-ից դուրս արտադրված մի շարք ապրանքների համար ավելի քիչ մաքսատուրք էր վճարում, և շատերը մեքենաներն այստեղ էին մաքսազերծում ու տանում ԵԱՏՄ անդամ այլ երկրներ տանում։

«Հիմա միակ խնդիրն այն է, որ գուցեև Ղազախստանը այնպիսի սահմանափակումներ դնի ներպետական օրենքներում, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ներսիսյանը։

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը պահանջում է վերագրանցել ու հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ այդ թվում Հայաստանից բերված մեքենաները։ Բացի այդ, մեքենա ներկրած քաղաքացիները պետք է հսկայական չափերի հասնող մաքսատուրք վճարեն։

Ղազախստանի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի համար սահմանված արտոնությունները միայն այդ երկրի քաղաքացիների համար են: Ղազախները պետք է վճարեն մաքսավճարների տարբերությունը, կամ մաս-մաս անեն մեքենան ու վաճառքի հանեն որպես պահեստամաս: Երրորդ տարբերակով առաջարկվում է մեքենան երեսուն օրով արտահանել, հետո կրկին ներմուծել:

«Հայկական գրանցումով են իրենք տարել այդ մեքենաները։ Որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, միանշանակ Հայաստանի գրանցումից պետք է այդ ավտոմեքենան դուրս գա», - ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Այսօր հրավիրած ասուլիսում Շուշանիկ Ներսիսյանը նաև հայտնեց, որ ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված մաքսազերծման բարձրացված դրույքաչափերով արդեն ավելի քան 80 ավտոմեքենա է ներկրվել Հայաստան. - «Եթե պրոեկտենք ամսվա վրա, դառնում է մոտավորապես 150 մեքենա, որը մոտավորապես 2015 թվականի չափաքանակներին է հասնում՝ 15 հազար մեքենա»։

Նրա փոխանցմամբ, բերում են և՛ հին, և՛ նոր մեքենաներ. - «Բնականաբար, ձեռք է տալու նոր դրույքաչափերով միայն նորերը բերել, որովհետև այդ պարագայում է, որ փոփոխությունը մեծ չէ»։

Այսուհետ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծման վճարը հաշվարկվելու է արտադրության տարեթվով ու շարժիչի ծավալով. - «Ինչքան տարեթիվը հին, այնքան խորանարդ սանտիմետրի հաշվարկը՝ ավելի բարձր, սկսվում է 2 եվրոյից, մինչև 4,5 եվրոյի հասնում է։ Ու հիմա սովորական մեքենան՝ երկու հազար սանտիմետր, ահռելի գումար է գալիս՝ մոտ 15-16 հազար եվրո միայն մաքսատուրքը»։

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով, հայաստանցիները էլեկտրամոբիլների հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, դրանք ազատվել են ավելացված արժեքի հարկից, իսկ մաքսատուրքը ընդամենը հինգ տոկոսով է բարձրացել՝ կազմելով 15 տոկոս։

Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հայտարարեց, որ պատվիրված մեքենան հունվարի 1-ից հետո Հայաստան հասնելու դեպքում ներկրողները հնարավորություն կունենան նախապես հայտարարագիր ներկայացնել և մինչև հունվարի վերջը պատվերը հասնելու դեպքում հին մաքսատուրքը վճարել։ Նախնական հայտարարագիր էին ներկայացնել մոտ 4500-ը։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով, նրանց մեծ մասը հասցրել է օգտվել հնարավորությունից, սակայն դեռ Հայաստան չհասած մեքենանար կան. - «Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս էլ ավտոմեքենաներ կան, որոնք Հայաստան պետք է գան, ինչ-ինչ պատճառներով չեն հասել։ Հիմա տարբեր օղակներով փորձում ենք այդ հարցով զբաղվել, տեսնել կարողանալո՞ւ ենք օգնել։ Մենք ԵԱՏՄ պայմանագրով պարտավորություններ ունենք ստանձնած, և դա մեր միանձնյա որոշելիքը չի»։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը խոսքով, Հայաստան չհասած մեքենաների թիվը հասնում է երկու հազարի. - «Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային ժողովի [միջոցով] հիմա փորձում ենք էդ հարցը լուծել։ Եվ դրական է լուծվելու։ Կոչ եմ անում նաև այն քաղաքացիներին, ովքեր չեն հասցրել ներկրել կամ ընդհանրապես հայտարարագրել, դիմեն ավտոներկրողների միություն կամ վարորդների պաշտպանության լիգա, որպեսզի հայտարարագրեն այդ մեքենաները»։

Հովհաննիսյանը հավելեց, որ տարիներ շարունակ ավտոներկրմամբ զբաղվողները մտահոգվելու առիթ չունեին, այս պահին կա տասը հազար չվաճառված մեքենա, և գործից հասկացողները քչից-շատից կվաճառեն։ Խնդիրներ ունեն այն մարդիկ, որոնք կարծելով, թե այս ընթացքում կկարողանան գումար աշխատել՝ սխալ հաշվարկներ են արել։

XS
SM
MD
LG