Մատչելիության հղումներ

Հայկական համարանիշներով մեքենաներ՝ բողոքի շարունակական ցույցերի պատճառ


Ղազախստանում չեն դադարում ցույցերը Հայաստանից ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման շուրջ:

Ներքին գործերի նախարարությունը այս տարեսկզբից պահանջում է սեփականատերերից վերագրանցել ու հաշվառել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից՝ Հայաստանից, Ղրղըզստանից, կամ Ռուսաստանից բերված մեքենաները:

Փաստաթղթային քաշքշուկից բացի, սեփականատերերը ստիպված են նաև հսկայական գումարներ վճարել: Մարդատար մեքենաների դեպքում մաքսատուրքը տատանվում է 900 հազարից մինչև երեք միլիոն թենգեի սահմաններում: Այսինքն, մեքենան Ղազախստանում անարգել շահագործելու համար սեփականատերերը պարտավոր են 2-8 հազար դոլար վճարել, ինչը որոշ դեպքերում մեքենայի ինքնարժեքից ավելի շատ է :

«Հենց նոր մաքսատանն էի, ասացին՝ երկուսուկես միլիոն թենգե՝ տեղական հաշվառման համար: Ինձ որտեղից այդքան գումար։ Երեխաների՞ն վաճառենք...», - ասում սեփականատերերից մեկը։

Հայկական շուկան ղազախների համար գրավիչ էր դարձել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Բանն այն է, որ ավելի քան հինգ տարի՝ մինչև այս տարեսկիզբը, միությունը արտոնություն էր տվել Հայաստանին երրորդ երկրներում արտադրված մի շարք ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների ներմուծման համար, ինչը ղազախների և ռուսների դեպքում, օրինակ, չէր գործում: Արդյունքում նույն ճապոնական կամ գերմանական մեքենան մաքսազերծելու համար հայերը ավելի քիչ էին վճարում, քան մաքսային նույն միության անդամ ղազախները: Առավել ճարպիկները մեքենան մաքսազերծում էին Հայաստանում, ապա տանում հայրենիք:

«Մենք այդ մեքենաները լավ կյանքից չէինք գնել, եթե այստեղ բավականաչափ գումար ունենայինք, այստեղից կգնեինք նորմալ մեքենաներ»:

Ղազախստանի կառավարությունը հակադարձում է՝ Հայաստանի համար սահմանված արտոնությունները տարածվում են միայն այդ երկրի քաղաքացիների համար, ղազախները պետք է վճարեն մաքսավճարների տարբերությունը, կամ՝ մաս-մաս անեն մեքենան ու վաճառքի հանեն որպես պահեստամաս: Երրորդ տարբերայով առաջարկվում է մեքենան երեսուն օրով արտահանել, հետո հետո կրկին ներմուծեն:

Ցուցարարները պնդում են՝ առաջարկներից որևէ մեկն ընդունելի չէ։

«Մենք կառավարությունից գումար չենք խնդրում։ Ուղղակի հանգիստ թողեք մեզ, թողեք աշխատենք», - օրեր շարունակ պահանջում էին ցուցարարները Նուր Սուլթանում՝ կառավարության շենքի առջև:

Տեղից «Ազատության» ղազախական ծառայության թղթակիցները հաղորդում են, որ բողոքի ալիքը օրեցօր ընդարձակվում է։ Կառավարությունը սակայն մտադիր չէ ընկրկել. օրեր առաջ խնդրին միջամտեց անձամբ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ առաջարկելով վարորդներին մեքենաները կանգնեցնել ժամանակավոր հաշվառման, վճարել պահանջվող գումարի մի մասը, իսկ ամբողջականը տալ մեկ տարի անց:

Ընդ որում, նույնիսկ այս դեպքում Տոկաևն ընդգծեց՝ մեքենաները պետք է Ղազախստանի սահմանած տեխնիկական պահանջները բավարարեն. - «Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտը։ Դրանից հետո սեփականատերերը պետք է վճարեն ամբողջական տուրքերը՝ մեքենան մշտական հաշվառման կանգնեցնելու համար: Կամ դուրս տանեն այն մեր երկրից»:

Պաշտոնական հաշվարկներով, ԵԱՏՄ անդամ երկրներից վերջին տարիներին Ղազախստան է ներմուծվել մոտ 200 հազար մեքենա, մեծ մասը՝ Հայաստանից։ Հաշվառման են կանգնեցվել միայն 40 հազարը:

Առաջին հայացքից, խնդիրը միայն ղազախական շուկային է վերաբերում։ Իրականում, սակայն, բազմաթիվ հայ ներկրողներ, որ երրորդ երկրից մեքենա էին բերել՝ ղազախներին վերավաճառելու հույսով, հիմա կանգնել են խնդրի առաջ՝ գնորդ չկա: Մյուս կողմից, մտավախություն կա, որ եթե Ղազախստանի կառավարությունը ի վերջո զիջումների չգնա, մեքենաները գուցե ետ վերադառնան Հայաստան՝ ավելացնելով հնամաշ մեքենաների առանց այդ էլ հսկայական շուկան:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անցած շաբաթ, Ղազախստանում մասնակցելով ԵԱՏՄ նիստին, տեղի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր այս հարցը: Ավելի ուշ նա խորհրդարանում հայտարարել էր, թե խնդիրը քննարկելու համար նաև ղազախական պատվիրակություն է ժամանել Հայաստան, և խոստացել, որ լուծումները կլինեն մոտ ապագայում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ դաշնակից Ղազախստանի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG