Թուրքիան հավելյալ զորքեր է ուղարկել Սիրիայի հետ սահման՝ սիրիական կառավարական բանակի հետ երեկ տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց հետևանքով թուրքական բանակը հինգ զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավորվել են:
Անցած շաբաթ էլ թեժ մարտերի ընթացքում թուրքական բանակը յոթ զինվոր էր կորցրել:
Իրավիճակը կտրուկ սրվել է Իդլիբի շուրջ, որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրն է երկրի տարածքում:
Անկարան, որ աջակցում է սիրիական ընդդիմությանը, պնդում է՝ Ասադի զորքերը՝ ռուսների աջակցությամբ, հրթիռակոծում են բնակավայրը՝ ոչնչացնելով տասնյակ խաղաղ բնակիչների: Կրեմլը հակադարձում է՝ թիրախում են միայն ահաբեկչական խմբավորումները:
Տարաձայնությունները քննարկելու համար նախօրեին Մոսկվան պաշտոնական պատվիրակություն էր ուղարկել Անկարա։ Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ Reuters-ը այսօր հաղորդեց՝ ռուս-թուրքական այդ բանակցությունները փաստացի տապալվել են, կողմերին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել: