Մատչելիության հղումներ

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները


ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ

Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատում Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ ​Արսեն Բաբայանի մեղադրանքները։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վերահսկող դատախազը կայացրել է մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշում և լրացուցիչ քննություն կատարելու համար այն հետ է ուղարկել քննիչին։ Ըստ դատախազության, նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները։

Դատախազությունից հայտնում են, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը այս որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

ՀՔԾ-ում այս քրեական գործը հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։ Հրայր Թովմասյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի:

Անցած հոկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Բաբլոյանին՝ պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Այս գործով անցնող մյուս մեղադրյալ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբյանը ևս չի ընդունում մեղադրանքը: Վերջինս մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը Բաբայանը թվագրել է մարտի 2-ով: Ծանոթանալով գործի նյութերին՝ ԱԺ նախկին աշխատակիցը համոզվել է՝ հանցադեպ չկա:

XS
SM
MD
LG