Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի կարանտինային կենտրոնը փակելու պահանջով բողոքի ակցիա ՌԴ Չելյաբինսկի մարզում


Կորոնավիրուսի կարանտինային կենտրոն Ռուսաստանում, փետրվար, 2020թ.
Կորոնավիրուսի կարանտինային կենտրոն Ռուսաստանում, փետրվար, 2020թ.

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Սոսնովսկի շրջանի բնակիչները երեկ բողոքի հավաք էին կազմակերպել «Ուտյոս» անվանումով առողջարանում կորոնավիրուսի կարանտինային կենտրոնը փակելու պահանջով։

Կենտրոնը բացված է Ուժևկա գյուղում։

Մարզի առողջապահության նախարար Յուրի Սեմյոնովը բողոքի ցույցից հետո խոստացել է առաջիկա օրերին փակել կենտրոնը։

Ուժևկա և հարևան գյուղերի բնակիչները կիրակի օրը երթ էին կազմակերպել։ Նրանք ասում էին, որ կորոնավիրուսի կարանտինի կենտրոնը տեղակայված է բնակելի շենքերին շատ մոտ՝ մոտ 300 մետր հեռավորության վրա։

Մարզի առողջապահության նախարարությունը մտադիր էր այս առողջարանում տեղավորել Չինաստանից ժամանած 6 քաղաքացիների։ Գերատեսչության մամուլի ծառայությունը, ընդ որում, ընդգծել էր, որ այդ մարդիկ առողջ են, պարզապես երկու շաբաթ պետք է մնան կարանտինային կենտրոնում, մինչև ավարտվի կարանտինային ռեժիմը։

Մի քանի տասնյակ բնակիչներ, այդուհանդերձ, երեկ փակել էին դեպի առողջարան տանող ճանապարհը և թույլ չեն տվել, որ ներս մտնի մեքենան, որը ենթադրաբար տեղափոխում էր կարանտինային ռեժիմում գտնվող մարդկանց։

Բողոքի հավաքի վայր է ժամանել մարզի առողջապահության նախարարը և խոստացել, որ կարանտինային կենտրոնը կփակվի, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են առողջարանում, մոտ ապագայում կտեղափոխեն այլ վայր։ Յուրի Սեմյոնովը չի մանրամասնել, թե որտեղ է գտնվելու այդ նոր կենտրոնը։

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել, որոնց նպատակն է կանխել Ռուսաստանում հիվանդության տարածումը։ Մասնավորապես, Չինաստանից ժամանած բոլոր մարդիկ անցնում են երկշաբաթյա կարանտին, ինչի համար տարբեր մարզերում հատուկ կենտրոններ են կազմակերպվել, մեծամասամբ՝ բնակավայրերից հեռու գտնվող առողջարաններում։

Ընդհանուր առմամբ, Չելյաբինսկի մարզում, այսօրվա տվյալներով, կորոնավիրուսի վարակի կասկածանքով մոտ 200 մարդ է հետազոտվում։ Ռուսաստանում գրանցվել է նոր վիրուսով վարակվելու միայն երկու դեպք՝ երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ են։ Անցած մի քանի օրվա ընթացքում նոր դեպքեր չեն հայտնաբերվել։

XS
SM
MD
LG