Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկից րոպեներ անց ավարտվեց


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, 6-ը փետրվարի, 2020թ.
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, 6-ը փետրվարի, 2020թ.

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին Սահմանադրական փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերը, այսօր մեկնարկից րոպեներ անց ավարտվեց։

«Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց։ Սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված», - հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ «ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել»։ «Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ըստ էության, ոչ-բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և ֆրակցիան՝ «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ», - ասաց Միրզոյանը՝ խորհրդի անդամներին խնդրելով մնալ խորհրդարանում։

«Մենք առաջիկայում կունենանք, մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ խորհրդի, որտեղ քննարկելու ենք համանման միջնորդություն՝ այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ», - նշեց խորհրդարանի խոսնակը։

ԱԺ խորհրդի նիստը հրավիրվեց ժամը 12։15, ըստ որոշման նախագծի՝ խորհրդարանի արտահերթ նիստը հրավիրվելու է ժամը 13-ին։

Հիշեցնենք, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերով էլ առաջարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

XS
SM
MD
LG