Մատչելիության հղումներ

Ուհանում այսօրվանից աշխատում է նորակառույց հիվանդանոցը


Չինաստան - «Կրակի աստծո լեռ» հիվանդանոցը Ուհանում, 27-ը հունվարի, 2020թ.
Չինաստան - «Կրակի աստծո լեռ» հիվանդանոցը Ուհանում, 27-ը հունվարի, 2020թ.

Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի դեմ մահուկենաց կռիվը շարունակվում է՝ վարակի բռնկման էպիկենտրոն համարվող Ուհանում այսօրվանից շահագործվում է 1000 մահճակալով նորակառույց հիվանդանոցը:

Ընդգծենք, որ խոսքը ոչ թե վրանաշեն դաշտային հոսպիտալի, այլ իրական հիվանդանոցի մասին է:

Ուհանի այդ թաղամասում ամայի տարածք էր՝ 25 հազար քառակուսի մետր: Այդտեղ բերվեց տեխնիկան՝ էքսկավատորներ, բուլդոզերներ, բետոնախառնիչ մեքենաներ, հողը հարթեցվեց, դրվեց հիմքը:

Կառուցվեցին պատերը, հարկամիջի ծածկերը, տանիքը, միացվեցին ջրի, ջեռուցման, կոյուղու և ջրամատակարարման համակարգերը, բանվորներն ավարտեցին ներքին հարդարանքը: Մասնագետները շենք բերեցին անհրաժեշտ բժշկական սարքավորումները:

Չինացիները յուրօրինակ ռեկորդ են սահմանել՝ հիմքը դնելուց մինչև շահագործում ընդամենն 8 օր է անցել:

Նորակառույց հիվանդանոցի անունն է «Հուոշենշան», թարգմանաբար՝ «Կրակի աստծո լեռ»: Այսօրվանից այդ հիմնարկում բուժօգնություն են ստանում կորոնավիրուսի հարվածին ենթարկված բնակիչները:

Իսկ վարակի տարածումը շարունակվում է: Զոհերի թիվը, ըստ Չինաստանի առողջապահության հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների, հասել է 362-ի, վարակվածներինը՝ 17 հազար 300-ի:

Փետրվարի 1-ի ժամը 24-ի դրությամբ, ինչպես ավելի վաղ հայտնել է հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը, բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 328 մարդ, շուրջ 2 հազարը ծանր վիճակում է, կորոնավիրուսի կասկածով մարդկանց թիվը մոտ 20 հազար է։

Առաջիկա օրերին Ուհանում կավարտվի նաև երկրորդ հիվանդանոցի կառուցումը, բուժհիմնարկի անունը՝ «Լեոշենշան», թարգմանաբար՝ «Ամպրոպի աստծո լեռ»: Այդ հիվանդանոցը կունենա 1500 մահճակալ:

XS
SM
MD
LG