Հայաստանում երբևէ չի քննարկվել ռուսական հեռուստաալիք փակելու հարցը։ Անդրադառնալով վերջին օրերին տարբեր շահարկումների պատճառ դարձած թեմային՝ «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ Վահագն Թևոսյանը։
Պատգամավորի համար մտահոգիչ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք գուցե միտումնավոր են այսպիսի լուրեր տարածում։
«Չեմ ուզում շատ կոպիտ գնահատական տալ, բայց մարդիկ, ովքեր դիտավորությամբ են անում, ունեն լուրջ խնդիրներ ազգային արժանապատվության և անկախական ինքնագիտակցության հետ», - նշեց Թևոսյանը։
Օրեր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որն անվճար է, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։
Այս հայտարարությունը կրքեր էր բորբոքել, մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել, որ «Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների մասին Հայաստանի կառավարության հայտարարությունների ֆոնին տարակուսանք են առաջացնում պնդումները, թե ռուսական հեռուստաալիքները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար»։
Չուշացավ ՀՌԱՀ-ի նախագահի պատասխանը։ Ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Հակոբյանը բացատրեց, որ չի օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսվել է տեղեկատվական և լեզվական անվտանգության մասին:
Հակոբյանն այս փուլում փակագծեր չի բացում, «Ազատությանը» փոխանցեց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
Ազգային ժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ Թևոսյանը, այդուհանդերձ, մտահոգվելու պատճառ այստեղ տեսնում է։
«Դա, ըստ էության, ինչ խոսք, եթե խոսում ենք հանրային մուլտիպլեքսով հեռարձակման մասին, իրենից ներկայացնում է որոշակիորեն տեղեկատվական և լեզվական անվտանգային խնդիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ ռուսական հեռուստաալիքներին, քանի որ մենք ունենք էստեղ մեծ քանակությամբ նաև ռուսալեզու խոսացողներ և ռուսերենն էստեղ, ըստ էության, դեռևս ավելի շատ տարածված է որպես երկրորդ լեզու, քան անգլերենը, և մենք ունենք մշակույթ՝ դիտելու հեռուստաալիքները ռուսական, հանրային մուլտիպլեքսով հեռարձակման դեպքում թերևս դեր կարող են խաղալ միջպետական պայմանագրերը։ Ինչը որ, ըստ էության, էդ հիմքով մոտավորապես դա տեղի է ունեցել», - ասաց պատգամավորը։
«Ազատության» հարցին՝ նման պայմանագիր միայն "Мир"-ի հետ կա, այդ դեպքում մնացածն ինչպե՞ս են իրենց հեռարձակումն ապահովում, Վահագն Թևոսյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրը հենց այն է, որ մենք ունենք այ հենց էդ սողանցքները իրավական, որը հնարավորություն է տալիս, ըստ էության, ցանկացած երկրի տարակուսանք հայտնել, թե ինչո՞ւ ոչ իրենք։ Այստեղ ես կարծում եմ, որ էս խնդիրների հստակեցումն ընդհանրապես իրավական դաշտում բխում է բացառապես բոլոր կողմերի շահերից, այդ թվում նաև՝ ռուսական»։
«Սրա հետևանքը հեռարձակման ոլորտում անհեթեթ իրավիճակն է», - այսպես է կարծում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Բերում է միջազգային փորձի օրինակը՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվում են նվազագույն պահանջարկ ապահովող 5-7 ալիք, ոչ ավելին, և դրանցից ոչ մեկն օտարերկրյա չէ։
Նկատենք, Հայաստանում հանրային մուլտիպլեքս փաթեթում հեռարձակվող արտասահմանյան 4 հեռուստաընկերություն կա` "Первый канал", "Россия- Культура", "Мир" և CNN։ Կարգավորումները "Мир" հեռուստաընկերությանը չեն առնչվում, քանի որ այն Հայաստանում հեռարձակվում է միջպետական համաձայնագրով։
Միևնույն ժամանակ, Նավասարդյանն ընդգծում է՝ այս և այլ օտարերկրյա հեռուտաալիքներին հեռարձակելու հնարավորություն պետք է տրվի մասնավոր մուլտիպլեքսի միջոցով, ինչը այսօրվա օրենսդրությամբ սահմանափակվում է։
«Նաև մենք չենք տեսնում որևէ քայլեր, որոնք կերաշխավորեին այլընտրանքային հնարավորությունները հեռարձակման։ Ուրեմն եթե դու չես խոսում այդ այլընտրանքային հնարավորությունների ստեղծման վերաբերյալ, բայց ասում ես, որ պետական մուլտիպլեքսում իրանք չպետք է լինեն, դա փաստորեն հնչում է որպես արգելանք ընդհանրապես Հայաստանի հանրության լսարանի համար՝ հասանելի լինելու առումով, ուրեմն պետք է ուղղակի մի քիչ բառապաշարը փոխել և ավելի կոնստրուկտիվ և ընդունելի՝ բոլորի համար ընդունելի լուծումների մասին խոսել։ Դա պետության հոգսը պետք է լինի այնքանով, որքանով հեռուստաալիքների բազմազանության հնարավորությունը պետք է ստեղծվի, բայց պետության պարտավորությունը չի դա՝ անպայման տեղավորել սոցիալական փաթեթի մեջ։ Լուծումն այստեղ և՛ օրենսդրական փոփոխությունների մեջ է, և՛ համապատասխան տեխնոլոգիական լուծումներ գտնելու», - ընդգծեց Նավասարդյանը։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքն արդեն մշակվում է, ու փորձագետները հույս ունեն, որ այս հարցի պատասխանը ևս կտրվի նոր օրենքով։ Այդուհանդերձ, Նավասարդյանի խոսքով, շտապել է պետք, քանի դեռ վերգետնյա հեռուստատեսությունը չի մահացել։