Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Մի շարք ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Չինաստանից


Հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` հղում անելով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը:

Նշվում է նաև, որ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։

«Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։

Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոր շնչառական վարակի` կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներ տարհանում են իրենց քաղաքացիներին Չինաստանից: Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր կառավարություններին հորդորել է «պատրաստ լինել տեղում կորոնավիրուսի վարակի հնարավոր բռնկումներին»:

XS
SM
MD
LG