Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցն այն թեման չէ, որը պետք է լուծվի փակ ռեժիմով։ Անդրադառնալով Ժնևի երկօրյա և ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը՝ այսպիսի կարծիք է հայտնում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար անընդունելի է «գաղտնիություն» բառի կիրառումը։
«Կոնֆիդենցիալությունը կամ գաղտնիությունը ես չեմ ընդունում, քանի որ Ղարաբաղի հարցն այն հարցը չի, որը փակ ռեժիմով պետք է լուծվի։ Ես չեմ համարում, որ հայկական կողմը պետք է դրան հետևի ու հույսով եմ չի հետևի։ Ոչ միայն հայաստանյան, նաև Ադրբեջանի հասարակությունը չի ընկալի, չի ընդունի, և դա բացառվում է», - ասաց քաղաքագետը։
Հաղորդագրությունում ընդգծված է արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: Քաղաքագետի պնդմամբ՝ հիմա գլխավոր գործունեությունը վստահության մթնոլորտի ստեղծումն է, և միջնորդներն այստեղ անելիք ունեն։
«Եթե վստահության մթնոլորտ չկա, ոչ մի փոխզիջում չի կարող լինել և այլն», - նշեց Ստեփան Գրիգորյանը։
Ժնևյան հանդիպումներից հետո առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև հայկական կողմը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ ասվում էր, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։
Նկատենք, որ համանախագահները և արտգործնախարարները իրենց համատեղ հայտարարության մեջ այս մասին ոչինչ չեն հիշատակել:
Հայկական կողմի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: