Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գտնվող 2 չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել», - տեղեկացրել է խոսնակը:
Այսօր ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանն ասել էր, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող երկու չինացիների Բագրատաշենի սահմանակետից հետ էին ուղարկել Հայաստան՝ շնչառական վիրուսի կասկածանքով։
Չինաստանում համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ։ Նոր վիրուսից 132 հոգի է մահացել, վարակակիրների թիվը շուրջ 6 հազար է։ Արտգործնախարարության տվյալով՝ վիրուսի բռնկման օջախում՝ Ուհան քաղաքում 6 հայեր են ապրում։