Ազգային ժողովում օրերս քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը, նաև մասնակցությունը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր համար դժվար է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել: Հաջորդ օրը նախագիծն ամբողջությամբ ընդունվեց, կողմ քվեարկեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
Ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել գողական աշխարհի ենթամշակույթը քրեականացնող օրենքի դեմ, արդյո՞ք սա կարող է նշանակել, որ ԲՀԿ-ն պաշտպանում է այս աշխարհի ներկայացուցիչներին, այս հարցերին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում անդրադառնում է խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Սերգեյ Բագրատյան. - Ցավոք սրտի, քաղաքական մշակույթում կան տեխնոլոգիաներ, որոնք բավականին բարդ է հաղթահարելը, և այդ տեխնոլոգիաներից մեկն է նաև հանրային կարծիք ձևավորելու և որևէ քաղաքական ուժի պիտակավորելու գործընթացը: Այստեղ խիստ կարևորում եմ, որ ի սկզբանե դրվել էր նման խնդիր, և խոսք կա չէ՝ «կայծից բոց բռնկվեց», իրավիճակը այդպես լարվեց, որովհետև տպավորություն էր, որ «Բարգավաճը» պաշտպանում էր այդ ենթամշակութային շերտին:
Իրապես մենք համար մեկ թշնամին ենք հանցավորության, հանցավոր ենթամշակույթի համար մեկ թշնամին ենք, և դա հենց գալիս է մեր անցած ուղուց, մեր անցած ճանապարհից, որ մեզ բերել է այդ համոզման, որ այդ մշակույթը ոչ մի լավ տեղ չի տանելու որևէ պետության: Մենք սա շատ լավ գիտենք, ոչ թե տեսական դատողություններից գիտենք, ոչ թե շատ երիտասարդ պատգամավորների դեռևս այդ շերտի հետ չշփվելու պարագայում տեսականորեն ենք պատկերացնում, այլ գործնականում մենք համոզվել ենք, որ բոլոր ընտրություններում ընտրակեղծարարների մեծ մասը, կեղծիքների մեծ մասը և նույն մեր Պաշտպանության բանակում տեղի ունեցող դեպքերի մեծ մասը հենց այդ ենթամշակույթի գործունեության արդյունքում են: Մենք դատապարտում ենք այդ երևույթները:
ԲՀԿ-ն որոշ չափով, ես կարող եմ ասել՝ ծանր ճանապարհ է անցել, ճակատագրի բերումով առնչվել է այնպիսի ընտրությունների, որոնց ժամանակ ստիպված է եղել համահունչ արձագանքել դեպքերի, որը վատ հետք է թողնում մարդկանց մեջ, որ եթե ընտրություններին «Հանրապետականի» դեմ «Բարգավաճը» պայքարել է հաճախ նաև արգելված գործիքակազմով, այդ ստերեոտիպը մնացել է, բայց երբ դու խնդիր ունես ապացուցելու և պահելու քո ձայները, և ճնշում կա քո վրա, հաճախ համարժեք քայլեր ես ձեռնարկում, և այն պահից, որ հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ այլևս անթույլատրելի է, և բռնություն չի լինելու, տեսաք՝ մեր ընտրությունների ժամանակ որևէ նման դեպք չի գրանցվել:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.