Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը պնդում է, որ Քաղավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականներին պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։
«Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի թռիչքները Եվրամիության տարածքում», - նշված է Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով, նախաքննության իրականացումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Մանրամասները տե՛ս այստեղ