Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման գործով Վերաքննիչ քրեական դատարանը վճիռ կհրապարակի վաղը։ Աշոտ Մանուկյանը փաստաբանների հետ բողոքարկում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այսօրվա դատական նիստում դատախազ Բրուտյանը առարկություններ ներկայացրեց, պնդեց՝ դատապարտյալը սկզբում դրական վարքագիծ չի ունեցել, տույժեր ունի, հետագայում նրա վարքը փոխվել է դեպի դրականը, և զուգահեռ ցմահ դատապարտյալի նկատմամբ դրսևորվել է աննախադեպ վերաբերմունք՝ նրա պահման ռեժիմը փոխվել է, և այժմ նա պատիժը կրում է կիսաբաց ռեժիմում:
«Այս պահին գտնում եմ, որ իր դրսևորած վարքագիծը, իր ուղղման ներկա աստիճանը դեռևս բավարար չէ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար», - ասաց Արայիկ Բրուտյանը:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ 3 զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։ Նրա փաստաբան Նարեկ Ալոյանը դատախազին հակադարձելու համար երկու թուղթ ներկայացրեց, մեկում շարել էր դատապարտյալի դրական կողմերը, մյուսում, որ դատարկ թուղթ էր, բացասականը։ Փաստաբանը մի քանի անգամ շեշտեց՝ Մանուկյանը 2014 թվականից սկսած որևէ տույժ չի ստացել, նախկինում ստացած բոլոր տույժերն էլ հեռախոս պահելու համար է ստացել, վերջին տարիներին դատապարտյալը գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել և ամենակարևորը՝ զղջացել ու ներում խնդրել զինվորների հարազատներից։ Հենց դրական վարքագծի հիմքով փոխվել է նրա պահման ռեժիմը:
«Եթե մենք ունենք անձի կողմից դրական վարքագիծ, որի պայմաններում կարող ենք 2 անգամ մեկուսացվածության աստիճան փոխել, բայց չենք կարող պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատենք, այդ «չենք կարա» ձևակերպումը պետք է ունենա պատշաճ պատճառաբանություններ», - հայտարարեց Նարեկ Ալոյանը:
Դատախազ Բրուտյանը պնդեց՝ պետք է հաշվի առնել Մանուկյանի արարքի ծանրությունը: «Գրքեր գրելով ուղղվե՞ց», - հարցրեց նա։ Դատարանում ելույթ ունեցավ նաև ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը, շեշտեց՝ գիտակցում է արարքի ծանրությունը, որ 3 մարդու կյանք է խլել. - «Եթե 10 տարի նստելով կհատուցեմ, պատրաստ եմ նստել, պատրաստ եմ կյանքովս էլ հատուցել», - ասաց նա։
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ. ազատ կարձակվի Մանուկյանը, թե ոչ, պարզ կդառնա վաղը։ Նրա փաստաբանն ասաց՝ եթե մերժվեն, շարունակելու են պայքարը Մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան. - «Մենք ունենք դեռևս Վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ կա պատժի կրման ռեժիմի փոփոխության հնարավորություն, բաց ռեժիմի հնարավորություն, այսքանով ամենը դեռ չի ավարտվում, ուղղակի հետագա գործընթացների համար մեզ համար էլ կարևոր էր ունենալ պատճառաբանված դատական ակտ, որից ելնելով արդեն անձը կկարողանա հետևություններ անել, օրինակ՝ կհասկանա՝ եթե ինքը 6 տարի առաջ բջջային հեռախոս է պահել Հայաստանի քրեակատարողական համակարգում, այսինքն՝ կատարել է արարք, որը կատարում է գրեթե ամեն երկրորդ դատապարտյալը, ուրեմն ինքը երբեք չի կարող պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հույս ունենալ»:
Այսօր դատարանի դահլիճում էին նաև շուրջ մեկ տարի առաջ ազատ արձակված երկու ցմահ դատապարտյալները, նրանցից Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, մյուսը՝ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում: Կարենն ասում է՝ անընդունելի է հեռախոս պահելը պատճառ դարձնել, դատապարտյալների մեծ մասը ստիպված է եղել խախտել կարգը. - «Պահել եմ զուտ նրա համար, որ շատ ժամանակ հնարավորություն չեմ ունեցել երկար վախտով իմ ընտանիքի անդամների հետ խոսեմ, 99 տոկոսը հեռախոս պահում է զուտ նրա համար, որ իր ընտանիքի անդամների հետ խոսի»:
Նա կարծում է, որ Աշոտ Մանուկյանն արժանի է ազատության. - «Ես կցանկանամ, որ իրենք նայեն իմ օրինակին, Վահագնի օրինակին. դուրս ենք եկել, հանգիստ մեզ համար ապրում ենք, որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ ապրում ենք»:
Վահագն Մարուքյանը դատարան էր հասել հենակներով՝ հոդերի ծանր հիվանդություն ունի, Աշոտի հետ տարիներ է անցկացրել նույն խցում։ Ասաց՝ մարդն այդ դժոխքում զղջացել ու ստացել է զոհված տղաների ծնողների ներումը, իսկ ընդհանրապես իրենք գիշատիչներ չեն. - «Նախկին ռեժիմները վերաբերվել են նման մարդկանց որպես գիշատիչի: Սրսկել են, որ դրսի մարդիկ էտ մարդկանց հանդեպ միշտ մտածեն վատը, վատը տրամադրվեն, ու ինչքան անեծք կա, այդ մարդկանց են անում»:
Եթե ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղը ազատ արձակվի, նա կդառնա անկախ Հայաստանում երկրորդ ցմահ դատապարտյալը Կարեն Օգանեսյանից հետո, որ ազատվում է ոչ հիվանդության հիմքով։