Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման գործի քննությունը։ Ցմահ դատապարտյալը, փաստաբանների հետ բողոքարկում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նիստը արդեն երրորդ անգամ հետաձգվում է դատախազի բացակայության պատճառով։ Դատավոր Մնացական Հարությունյանն ասաց, որ իրենք ճշտել են՝ դատախազ Բրուտյանը ծանրաբեռնված է և վատառողջ. - «Եվ խնդրել է հնարավորություն տալ համապատասխան դատական նիստին մասնակցելու և դիրքորոշում արտահայտելու»։
Աշոտ Մանուկյանի փաստաբաններից Նարեկ Ալոյանը դատախազի պարբերական դարձող բացակայություններում միտում է տեսնում։ Նախ, ըստ նրա, գործի քննությունն ըստ էության ավարտված է, դատախազը բովանդակային հակափաստարկներ չունի, և երկրորդը՝ փորձում են ժամանակ շահել. - «Սպասում են, որպեսզի Աշոտ Մանուկյանի պատժի կրման ռեժիմը փոխվի՝ կիսաբացից փոխվի բաց կալանքի ռեժիմի, և հարցի արդիականությունն ըստ էության վերանա»։
Աշոտ Մանուկյանը 24 տարի առաջ է դատապարտվել երեք զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։ Սկզբում մահապատիժ ստացավ, 7 տարի սպասեց գնդակահարության, հետո ստացավ ցմահ ազատազրկում։ Նա կատարած արարքի համար անընդհատ զղջացել է, ներում է խնդրել սպանված զինվորների (որոնցից երկուսը եղբայրներ էին) ծնողներից և ստացել է այդ ներումը։
Աշոտի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը, որ դատարանում սպասում էր, թե որդին վերջապես ազատ կարձակվի, ասաց, որ մշտական կապի մեջ են տուժողների հարազատների հետ։
Ցմահ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում օնլայն կրթություն է ստացել, նաև գիրք է գրել ուղղված զինվորներին, թե ինչպես կարող են անհեթեթ վեճերը ողբերգության մեջ թաղել մի քանի ընտանիքների։ Իր օրինակի մասին է պատմել։
Այժմ Աշոտ Մանուկյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում է, պատիժը կրում է կիսաբաց ռեժիմում։ Նրա պահման ռեժիմը մի քանի անգամ փոխվել է, քանի որ վերջին 6 տարում ոչ մի տույժ չի ունեցել։
«Հինգ տարվա ընթացքում երկու անգամ ռեժիմի փոփոխություն է եղել, որը կարող է լինել բացառապես դրական վարքագիծ դրսևորելու պայմաններում», - նշեց փաստաբան Ալոյանը։
Ցմահ դատապարտյալի փաստաբանները պնդում են, թե իրավական տեսանկյունից որևէ խոչընդոտ չկա, որ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվի, սակայն կասկածում են, թե դատարանը նման համարձակ որոշում կկայացնի՝ հիմնվելով անկախ Հայաստանի անուրախ վիճակագրության վրա. դատարանի որոշմամբ ազատ արձակված միայն մեկ ցմահ դատապարտյալ է եղել՝ Կարեն Օգանեսյանը։
Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը այդ միակ դեպքը համարյա պատահականություն է համարում. - «Իմ կարծիքով, մի պահ ուղղակի հստակ միտում ու ցուցումներ չկար, և հենց այդ պահին էլ քննարկվում էր Կարեն Օգանեսյանի ազատ արձակման հնարավորությունը, և նա ազատ արձակվեց։ Ժամանակը՝ այս մեկ տարուց ավելին, եկավ ապացուցելու, որ որևէ վտանգավոր, անհանգստանալու որևէ հանգամանք պետությունը չունի»։
Ցմահների հետ կապված պահպանվում են նախկին վախերը, շեշտում են փաստաբանները և, այնուամենայնիվ, Մանուկյանի հարազատների հետ սպասելու են հաջորդ դատական նիստին ՝ որ նշանակվեց հունվարի 23 ին։ Հույս ունեն, որ այն վերջինը կլինի։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 91 ցմահ դատապարտյալ։ Ամռանն ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները նրանց համար հույս դարձան, թե պահման ռեժիմների փոփոխություններով կապահովվի իրենց աստիճանական անցումը դեպի վաղաժամկետ ազատում։ Նման բեկում, սակայն, ցմահների վիճակագրության մեջ տեղի չունեցավ։ Արդարադատության նախարարության տվյալով, նախորդ տարվա ընթացքում ռեժիմի փոփոխության 34 միջնորդագիր են ստացել, բավարարել են 14-ը։ Ի դեպ, նույնիսկ պահման ամենաազատ՝ բաց ռեժիմը ենթադրում է անպայման գիշերել քրեակատարողական հիմնարկի հատուկ կացարանում։