Սահմանադրական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:
Փաստաբանական թիմն անցած դեկտեմբերին իր հղած դիմումում բարձրաձայնում է օրենսդրական բացի մասին, ըստ որի՝ Բարձր դատարանի գործունեությունը կարգավորող «Սահմանադրական
դատարանի մասին» օրենքը հնարավորություն չի տալիս Սահմանադրական դատարանին իր իսկ կայացրած որոշումները պարզաբանել: Նախկին նախագահի պաշտպանական թիմը Բարձր դատարանին խնդրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հենց այդ մասով:
Բարձր դատարանն իր մերժման մեջ գրում է, որ դիմող կողմը չի անդրադառնում այն հարցին, թե ինչու է պարտադիր, որ օրենքում ամրագրվի այն մասին, որ Սահմանադրական դատարանը պետք է պարզաբանի իր որոշումը, և որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կանխորոշում նման բան:
«Ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների
վկայակոչմամբ», - գրված է ՍԴ որոշման մեջ:
Իր մերժումը հիմնավորելիս Հրայր Թովմասյանի ղեկավարած Բարձր դատարանը եզրահանգում է, որ դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը և հիմնավորեր, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա
իրավական բաց է:
Այս դիմումը ՍԴ է ուղարկել Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որից առայժմ պարզաբանումենր ստանալ չի հաջողվում: Մասնավորապես պարզ չէ, թե փաստաբաններն այդ ինչ որոշում են ցանկանում, որ պարզաբանի Բարձր դատարանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։
Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։
Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում: