Պոլսահայ հայտնի մտավորական, հրապարակախոս, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անց հանցագործությունը ամբողջությամբ չի բացահայտվել: Այս մասին Դինքի ընկերներն ու փաստաբանը հերթական անգամ հայտարարեցին նրա մահվան տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:
Տարիներ շարունակ Դինքի դատական գործին հետևող Dur De նախաձեռնության կազմակերպած հանդիպմանը ելույթով հանդես եկան Անտիկապիտալիստների հարթակի անդամ Յըլդըզ Օնենը, գործի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն, Դինքի գաղափարակից ընկերները՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը և լրագրող Ումիթ Քըվանչը: Վերջինս կարծիք հայտնեց, թե իշխանությունները Դինքի սպանության ողջ մեղքը կփորձեն բարդել գյուլենական կառույցի վրա, սակայն, լրագրողի խոսքով՝ իրական բացահայտման համար քաղաքական կամք չկա:
Այդուհանդերձ, փաստաբան Բաքըրջըօղլուն «Ազատության» հետ զրույցում արձանագրեց՝ 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո, երբ թուրքական իշխանությունները պայքար սկսեցին գյուլենական կառույցի դեմ, Դինքի սպանության դատաքննության մեջ որոշակի առաջընթաց է գրանցվել:
«Այս պահին Դինքի սպանության գործով 85 կասկածյալ և 11 ամբաստանյալ կա: Վերջին երկու տարվա ընթացքում 2015 և 2017 թվականներին Ստամբուլի հանրապետական դատախազությունը երկու մեղադրական եզրակացություն կազմեց՝ դատական գործ հարուցելով մի շարք անձանց՝ մեծապես պետական պաշտոնյաների նկատմամբ», - նշեց փաստաբանը:
«Ստամբուլի դատախազությունը դեռ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին մեղադրականում նշել էր հանցավոր խմբավորման կողմից սպանությունը կազմակերպելու հավանականության մասին: Սակայն միայն 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, մի շարք անձինք կալանավորվեցին ու դատական գործեր հարուցվեցին: Գրանցված առաջընթացը կարևոր է, սակայն ոչ բոլոր անձանց ու պետական պաշտոնյաների նկատմամբ է դատական գործ հարուցվել, մեր պահանջները դեռ ամբողջությամբ չեն բավարարվել: Ստամբուլի հանրապետական դատախազությունը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննության առնի սպանությանը հանգեցրած հանգամանքները: Հետաքննության գործընթացը դեռ ավարտված չէ», - ընդգծեց Բաքըրջըօղլուն:
Նա հայտնեց, որ այս գործով հերթական դատական նիստերը տեղի կունենան հունվարի 29-ին և 30-ին, փետրվարի 1-ին և 2-ին:
Դինքի ընկեր, ակտիվիստ Յըլդըզ Օնենն էլ «Ազատության» հետ զրույցում ընդգծեց գործում արդարության հասնելու կարևորությունը, հավելելով՝ շարունակելու են պայքարել, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել: Նրա խոսքով՝ Դինքի սպանության համար պատասխանատու են նաև հասարակական ճնշումն ու ատելության մթնոլորտը ձևավորած անձինք:
«Այս դատական գործը միայն Հրանտ Դինքի սպանության գործը չէ: Նրա մահը ի չիք դարձրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր գոյություն ունեցող այն սուտ մտայնությունը, թե Թուրքիայում հայեր չկան ու չեն եղել, միայն Ստամբուլում ապրող մի բուռ համայնք են: Դինքի սպանությունը նպատակ ուներ կանխել նրա բարձրաձայնած ճշմարտության բացահայտումը», - ասաց Օնենը՝ շարունակելով․ - «Շատ կարևոր է Դինքի դատավարությունը մինչև վերջ տանել, ոչ միայն որպեսզի պատժվեն նրան սպանած և սպանությունը հրահրած անձինք, այլև որպեսզի փոխվի հանցագործությունը հասունացրած հասարակական մթնոլորտը: Պահանջում ենք, որպեսզի պատժվեն այս գործում ընդգրկված բոլոր մեղադրյալները, և բացահայտվեն նրանք, ովքեր ստեղծեցին սպանությունը հրահրած մթնոլորտը: Կարծում եմ՝ այս նպատակի համար 11 տարվա մեր պայքարը կարևոր արդյունքներ է տվել»:
Հրանտ Դինքը սպանվեց 11 տարի առաջ հունվարի 19-ին «Ակօս» պարբերականի խմբագրատան դիմաց՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով: Եվ չնայած հանցագործության անմիջական մեղավորները հայտնաբերվել ու դատապարտվել են, Դինքի ընտանիքը, ընկերներն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել հանցավոր խմբավորման կողմից, իսկ պատկան մարմիններն էլ տեղյակ են եղել սպասվող մահափորձի մասին ու չեն կանխել այն: Արդեն 11 տարի է՝ հունվարի 19-ին Դինքի հարազատները, համախոհները, ընկերները հավաքվում են սպանության վայրում ու բարձրաձայնում՝ Հրանտի համար, արդարության համար: