Կառավարության շենքի առջև այսօր դարձյալ մսավաճառներն ու անասնաբուծությամբ զբաղվողներն էին։ Նրանք արդեն երրորդ անգամ են այստեղ հավաքվում՝ անփոփոխ բողոքով. դեմ են սպանդանոցային մորթին, ցանկանում են իրենք իրենց բակում մորթել անասուններին:
«Այդ անասունը գոմից հանում եմ, չի ենթարկվում, հազիվ գոմից հանում եմ, դռան դեմը մորթում եմ: Ես էտ անասունը ո՞նց պիտի բարձեմ, տանեմ էնտեղ, խոսքի էտ անասունն էլ մխտրեն, եսիմ ինչի փող, ավտոյի փող», - ասաց հավաքվածներից մեկը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է մսի իրացման կետերի խսիտ վերահսկողության. սպառողին պետք է առաջարկվի միայն սպանդանոցում մորթված անասունի, լաբորատորիայով անցած անվտանգ միս։ Տեսչությունից ասում են՝ այսօր արդեն հանրապետությունում 39 սպանդանոց է գործում, առաջիկայում թիվը կավելանա: Այս առումով ցուցարարների միջև բանավեճ կար, մի մասը շեշտում է՝ սպանդանոցների թիվը բավարար չէ, մյուս մասն էլ պնդում է՝ եթե դրանց թիվը էլ ավելի բազմապատկվի, դեմ են, միևնույնն է.
«Մեր տարածաշրջանում ես գիտեմ միայն «Ոսկե կացին» սպանդանոցը, որը ես դիմել եմ անձամբ, ինձ պատասխանել են, քանի որ տերերը մուսուլմաններ են, պատասխանել են՝ դա հարամ է, մենք չենք մորթում: Խոզը հարամ է՝ ըստ մուսուլմանների», - ասաց բողոքող տղամարդկանցից մյուսը:
Երրորդն էլ նշեց. - «Այդ խեղճ գյուղացին 90 կիլոմետր 2 հատ խոզը ո՞նց վերցնի, գա, հասնի Մասիս: Խղճին մոտիկ բա՞ն է դա»:
Hավաքվածները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասացին՝ բազմոցից նրա հորդորով վեր են կացել և անասնապահությամբ են զբաղվում, հիմա պետությունը, սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով, զրկում է իրենց եկամուտից. - «Դա նույնն է, ոնց որ թե գյուղացուն ասես՝ սրանից հետո անասուն մի պահի, որովհետև ամեն մի անասունի համար այդ նույն գյուղացին պիտի 20-30 հազար դրամ փող ծախսի, որ տանի սպանդանոց»:
«Այսօր եթե ղասաբը գալիս է, մեր մոտից անասունը մորթում է, մենք մորթողին ոչ փող ենք տալիս, ինքն իրանով մորթում է, տանում է, կշեռքի վրա փողը հաշվում ենք, տալիս ենք: Մեզի ոչ ձեռ ա տալիս էտ 10 հազար դրամը տանք բոյնին, 12 հազար դրամ տանք բժշկի թղթին»:
Տեսչական մարմինից պնդում են՝ սպանդանոցների տերերի հետ հուշագիր են ստորագրել, սահմանել ամեն կենդանու սպանդի առավելագույն գինը, նաև այն, որ սպանդանոցները պարտավորվել են 3 գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակը տեղափոխել մինչև 30 կիլոմետրը անվճար։
Բողոքող ֆերմերները պնդում են՝ տեսչությունը հայտարարում է, իսկ սպանդանոցները հրաժարվում են անվճար տեղափոխել իրենց անասուններին։ Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը շաբաթ օրը «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, որ բողոքն ուղղորդված է, ցույցերում անասնապահ գյուղացիներ չկան, նրանք «Գումի» շուկայի, Խորենացու վաճառակետերի տերերի մատակարարներն են:
«Քանի որ մեր տեսուչները իրենց հիմնական դեմքերով ճանաչում են, այդ մարդկանց հետևին կանգնած են մսամթերքի վաճառքի տերերը, ովքեր, բնականաբար, 5-րդ ձևին անցնելով կբացառվի ոչ անառողջ կենդանիների, սատկած կենդանիների վաճառքը, ինչպես նաև ստիպված կլինեն գալ հարկային դաշտ և առաջվա գերշահույթները չեն ունենա», - ասել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը:
Բողոքները չհամաձայնեցին. - «մեծական խոսք կա, ասում է՝ ոնց որ փեշն արդեն վառված է: Էսքանը սաղ «Գումի» շուկայի մսավաճառներն ե՞ն, սաղ գյուղացիք են, սաղ Արարատի մարզից են»:
Ցուցարարները կառավարության ղեկավարին սպասում էին առաջարկով՝ ով ուզում է, թող սպանդանոցում մորթ անի, իրենք իրենց բակում մորթ անեն գյուղի անասնաբույժի հսկողությամբ:
Տեսչական մարմինն արդեն հայտարարել է՝ հետքայլ չի անելու, սպանդանոցային մորթը պարտադիր է, վաճառակետերում հայտնված միսը պետք է ստուգված ու անվտանգ լինի։ Մսավաճառներն էլ նահանջել չեն պատրաստվում: Կառավարությունից այսօր պատասխան չստացան և որոշեցին վաղն անցնել պայքարի հաջորդ մեթոդին՝ կփակեն ճանապարհները, յուրաքանչյուրն իր մարզում. - «Ժողովուրդ մարդ չի գալու, եթե գալու լինեին, արդեն եկել էին, նրանք մեզ արհամարհած ունեն, մենք պիտի գնանք մեր ռայոնները մեր մոտ, ժողովրդի հետ միասին՝ կնիկ-երեխեքով, բոլորը փակենք, միս չմտնի քաղաք»: