Մատչելիության հղումներ

Բակային մորթ կարելի է միայն մի դեպքում, եթե մատաղ եք անում. ՍԱՏՄ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հետքայլ չի անելու, պնդում է տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը։ Մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձևը, որ նշանակում է անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է։

«Հետքայլ չի լինելու, որովհետև ես չեմ ուզում, որ մեր երկիրը հայտնվի միջնադարում», - ասաց Շատվորյանը։

Վերջին օրերին կառավարության շենքի առջև բողոքի են դուրս եկել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվողները։ Տեսչական մարմինը հայտարարել էր՝ հունվարի 15 -ից անցնում է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության, բակային մորթ չպետք է լինի։ Ցույցի դուրս եկածները պնդում են՝ ողջ հանրապետությունում ընդամենը 24 սպանդանոց կա, չեն կարող մի անասունն առնել ու կիլոմետրեր հաղթահարել։

«200 կիլոանոց ցլի միսը աղջկա մարմնից նուրբ ա, հլը մի հատ 200 կիլոանոց ցուլը բարձի մաշնա, թափի, 30 տոկոս միսը փչացած, սև գույնի կհանեն կթափեն ու մեզանից պիտի հանեն», - ասաց հավաքվածներից մեկը։

«Երկուշաբթի օրը Թալինում կաշխատի մեծ սպանդանոց, եղած հզորությունը ավելի շատ է, քան Թալինի տարածաշրջանում օրական կատարվող մորթը», - նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը։

Տեսչական մարմնի ղեկավարը վստահեցնում է առաջիկա մեկ ամսում գործող 24 սպանդանոցներին կմիանան ևս 22-ը։

Արդյո՞ք միայն դրանց բավարար քանակի դեպքում չպետք է մարդկանց պարտադրվեր սպանդանոցային մորթ, Արթուր Շատվորյանն անկեղծանում է. «Մենք չենք գնա վաղը Շամշադինում պահանջենք 5-րդ ձև, բոլոր վերահսկողական գործիքները, որովհետև գիտենք, որ Շամշադինում պիտի լինի վաղը չէ մյուս օրը սպանդանոց, բայց Երևանում՝ առավել քան շատ են Երևանի շրջակայքում սպանդանոցների քանակը՝ Երևանը բավարարելու համար»։

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականն ասում է՝ վերահսկողությունն սկսել են Երևանի մսի վաճառակետեր մատակարարող մսի շուկայում։ Վստահ է՝ բողոքի ցույցերի կազմակերպիչները Գումի շուկայի, Խորենացու վաճառակետերի տերերն են, որ բողոքի են մղում իրենց մատակարար ֆերմերներին։

«Քանի որ մեր տեսուչներն իրենց հիմնականում դեմքով ճանաչում են, այդ մարդկանց հետևին կանգնած էին մսամթերքի վաճառքի տերերը, ովքեր որ, բնականաբար, 5-րդ ձևին անցնելով կբացառվի անառողջ կենդանիների, սատկած կենդանիների վաճառքը, ինչպես նաև ստիպված կլինեն գան հարկային դաշտ և այլևս առաջվա գերշահույթները չեն ունենա», - նշեց Արթուր Շատվորյանը։

Նահանջելու միտք չունեն նաև ցուցարարները։ Նրանք նաև վստահեցնում են՝ միսը մեկ կիլոգրամի հաշվով մինչև 500 դրամով կարող է թանկանալ։ ներկայացնում են սակագները՝ մեկ խոզը՝ 5000, ոչխարը՝ 3500, կովը՝ 10 հազար դրամ. առավելագույն գներն են, որ սպանդանոցները սահմանել են սպանդի համար։

«Ասենք ես էսօր չորս հատ տավար եմ տանում, 8 հատ խոզ, էդքան պահանջում են, երեք հատ խանութ ունեմ քաղաքում, երեք խանութից միս եմ բերելու, ես էդ 8 հատը ոնց տանեմ ընդեղ, էդքան փող, եթե մուծեմ, էլ իմ եկամուտը ո՞րն է», - ասաց ցուցարարներից մեկը։

Տեսչական մարմնից պնդում են՝ սպանդանոցների հետ հուշագիր են ստորագրել, սահմանել առավելագույն գներ, նաև այն, որ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս կենդանիների տեղափոխումը մինչև 30 կիլոմետրը անվճար է լինելու։ Տեսչության հաշվարկով մսի մեկ կիլոգրամի գինը կարող է թանկանալ, բայց 100 դրամով, ոչ ավելի։ Փոխարենն ակնկալում են, որ վաճառակետերում կհայտնվի անվտանգ, լաբորատորիայով ստուգված միս։

Հինգերորդ ձևին կցված հատուկ կոդը հնարավորություն է տալիս, որ սպառողն էլ իր հեռախոսով արագ պարզի՝ ինչ կենսագրություն ունի իրեն առաջարկվող միսը։

Տեսչական մարմնի ոչ մի նորամուծություն մսի մորթով զբաղվողներին չի ոգևորում։ Սեփական բակում մորթ անողները այժմ ստիպված են օգտվել սպանդանոցային ծառայությունից ու վճարել դրա համար։ Հակառակ դեպքում՝ նախատեսված է տուգանք 300 հազար դրամի չափով ու վաճառքի կասեցում։

Այս ամենին զուգահեռ՝ կա խիստ հայկական բացառություն՝ բակային մորթ թույլատրվում է ծիսական նպատակներով, եթե, օրինակ, գառ եք մատաղ անում և միսը, բնականաբար, բաժանելու եք, չեք վաճառելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG