Կիևում երկու քրեական գործ են հարուցել՝ քննելու Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին ապօրինի լրտեսելու մասին հաղորդումները, որոնք նախօրեին շրջանառվել էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը:
Հետախուզության հարցերով հանձնաժողովը երկու օր առաջ հրապարակել էր նախագահ Թրամփի իմփիչմենթի գործով փաստաթղթերը, այդ թվում՝ վերջինիս անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի օգնականի նամակագրությունը ուկրաինացի պաշտոնյաների հետ:
Ի թիվս այլ հարցերի, այդ նամակներում քննարկվել էր նաև դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի հեռացման հարցը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դիմել է Ամերիկայի Դաշնային հետաքննությունների բյուրոյին՝ խնդրելով տրամադրել գործին առնչվող բոլոր մանրամասները:
Թրամփի վարչակազմը անցած տարվա մայիսին անակնկալ ետ կանչեց դեսպան Մարի Յովանովիչին՝ եռամյա դիվանագիտական առաքելությունից: Ավելի ուշ Ներկայացուիցչների տանը՝ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննությանը, նախկին դեսպանը ցուցմունք էր տվել Սպիտակ տան ղեկավարի դեմ և քննադատել նրա քաղաքականությունը Ուկրաինայի հարցում: