Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Աբելային Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատախանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը: Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ գործակցության օրակարգը կհամալրվի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Հիշեցնենք՝ Ջոզեֆ Մուսկատը, ով հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ սերտ կապերով, Մալթայի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել անցած շաբաթավերջին՝ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերի պատճառով։
Մալթայի նորընտիր վարչապետ Ռոբերտ Աբելան նախկին վարչապետ Ջորջ Աբելայի որդին է։