Մատչելիության հղումներ

Դատական համակարգի «անկատարությունն» ու «ատելության գեներացիան» շարունակում են մտահոգիչ մնալ


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան

Human Rights Watch-ն արձանագրել է այն իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում, հատկապես խոցելի խմբերի շրջանում, արձագանքելով արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցի ամենամյա զեկույցին՝ կարծիք է հայտնում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Զեկույցի հեղինակները Հայաստանում մարդու իրավունքների ասպարեզում դեռ խնդիրներ ու թերություններ են տեսնում։ Իրավապաշտպան Հովհաննիսյանի պնդմամբ՝ խնդիրների մեծ մասը դատական համակարգի անկատարության հետևանք է. - «Այն փաստը, որ մենք արդեն երկրորդ տարին ենք լրացնում հեղափոխությունից հետո, և որևէ դատական ռեֆորմ չի իրականացվել, դա նշանակում է՝ մենք այնքան ենք հապաղում, որ մարդու իրավունքների խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված Հայաստանում: Իսկ եթե մենք չունենք անկախ դատարաններ, մենք չունենք կայացած դատարաններ, մենք չունենք զգայուն դատարաններ, մենք չենք ունենա մարդու իրավունքների պաշտպանություն երկրում», - նկատում է նա:

Զեկույցում մի քանի խնդրահարույց կետեր են առանձնացված։ Մասնավորապես հեղինակներն ընդգծում են, որ նախորդ վարչակազմի օրոք կատարված բռնության և իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննությունը «սահմանափակ է»:
Իրավապաշտպանը հիշում է 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ին Սարի թաղում տեղի ունեցած միջադեպերը:

«Մենք այդտեղ տեսնում ենք ոչ համաչափ, խտրական և ոչ միասնական մոտեցում: Դա մտահոգիչ է, իհարկե, որովհետև խոսքը իրավագիտակցության և իրավական պետության կառուցման մասին է: Խտրական վերաբերմունք մշտապես եղել է, այս գործը բացենք, որովհետև քաղաքական նպատակահարմարություն կա կամ նկատառում, իսկ այս գործը չբացենք, չբացահայտենք, որովհետև մեզ որևէ դիվիդենտ չի բերի կամ որևէ գործիք չի հանդիսանա լռեցնելու կամ կասեցնելու նախկիններին կամ այժմյան ընդդիմադիրներին», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան

Մարդու իրավունքների ցանկացած խախտումը նախ կանխարգելել է պետք, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը՝ ընդունելով նաև քննադատությունն առ այն, որ որոշիչ է դատական համակարգի կայացումը։ Իրավապաշտպան կազմակերպության նշած խնդիրները կիսում է, միաժամանակ ընդգծում՝ դեկտեմբերին ընդունված մարդու իրավունքների հայեցակարգը շատ ավելի համապարփակ գնահատական է տալիս՝ ներառելով հենց միջազգային իրավապաշտպան կազմակերպության որոշ սուր գնահատակներ։

«Օրինակ՝ ոստիկանական ոչ համաչափ ուժի կիրառումը, ռազմավարության մեջ հենց այդ նույն փաստն արձանագրված է, որ խնդիր ենք ունեցել անցյալում ոչ միայն այդ ուժի կիրառման հետ կապված, այլ նաև այսօր դրանք հետաքննելու, գործերը կարճվել են: Այսինքն՝ այս խնդրի արձանագրումը մենք ինքներս ենք արել մեզ համար, հետևաբար մի դրական բան, որ կցանկանայի արձանագրել, որ չկա այդ տարբերությունը, որը մենք ունեինք նախկինում: Մեր պետության տեսակետը մեր երկրում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ համընկնում է միջազգային կառույցների տեսակետի հետ մարդու իրավունքների շուրջ մեր երկրում իրավիճակի մասին», - նշեց նա:

Զեկույցում նաև անդրադարձ կա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ Երևանում տեղի ունեցած ակցիային. ոստիկանությունը թույլ չէր տվել ակտիվիստներին ակցիան շարունակել խորհրդարանի շենքին հարող հանրային այգում, նույնիսկ մարդիկ բերման ենթարկվեցին։ Իրավապաշտպանի կարծիքով՝ զեկույցի հեղինակներն ընդգծել են, թե որքան անհաղորդ է իշխանությունը հանրության բարձրացրած խնդիրների նկատմամբ։

Անդրադառնալով զեկույցում առանձնացված ընտանեկան բռնության դեպքերին և այն իրավիճակին, որ ծավալվել է այդ բռնությունների կանխարգելմանը միտված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ՝ Հովհաննիսյանը նկատում է՝ պետական մարմիններն այսօր հատկապես այս առումով չեն ապահովում մարդու իրազեկված լինելու իրավունքը։

«Ապատեղեկատվությունն այնքան շատ է, որ պետության եթե անգամ մեկ ներկայացուցիչ արձագանքում է, ապա հերքելու համար այդ ապատեղեկատվությունըև ոչ թե իրազեկելու, թե ինչի մասին է այդ փաստաթուղթն իրապես, և այդպես մենք դառնում ենք ոչ իրազեկված, փաստորեն ապատեղեկատվությամբ առաջնորդվող և մանիպուլացվող հասարակություն»:

Իշխանություններին դժվար է կանխաատեսել, թե որ հարցը և որ պահին կդառնա մեդիա մանիպուլյացիաների առարկա, արձագանքում են իշխանական թևից. - «Այո, խոշտանգվել է այս կոնվենցիայի ընթացակարգի շուրջ խոսակցությունները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ ժամանակը կորսված է, կամ հնարավոր չէ ունենալ կամ շարունակել սկսված խոսակցությունը: Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստությանը և բանականությանը՝ ընթերցելու տեքստերը»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Ատելության խոսքի տարածում միան Ստամբուլյան կոնվենցայի փաստաթղթով չի պայմանավորում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ընդգծում է՝ կանանց, երեխաների բռնության խնդիրը, որ շեշտված է զեկույցում, իրեն էլ է անհանգստացնում, սակայն Զոհրաբյանը մասամբ է կիսում զեկույցում բարձրացված մտահոգությունները։ Պնդում է՝ լրջաջույն մի խնդիր՝ ատելության, անհանդուրժողականության գեներացիան, անտեսվել է: Պատգամավորի խոսքով՝ դա չհաղթահարելու դեպքում ցանկացած բարեփոխում դրված կլինի ռիսկի տակ. - «Ամենակարևոր խախտումը, որ ես համարում եմ, այսօր մարդու ազատ խոսքի իրավունքի վրա տոտալ հարձակումն է կազակերպված ձևով թե իրական օգտատերերի և «ֆեյք» օգտատերերի միջոցով: Այդ կարևորագույն խախտումն իրենք չեն արձանագրել, մարդիկ, քաղաքական գործիչներ բազմաթիվ այսօր վախենում են հանրային իրենց կարծիքը հայտնել, որովհետև անմիջապես սոցիալական մեդիայում թիրախավորվում են և արժանանում են ատելության գրոհի»:

XS
SM
MD
LG