Մատչելիության հղումներ

Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից մեկ տարի անց


Մեկ տարի առաջ այս օրը մայրաքաղաքում տիրող երկշաբաթյա քաոսային իրավիճակը հասավ իր գագաթնակետին։ Ազատության հրապարակից մեկնարկած խաղաղ ցուցարարների երթը Սարի թաղում և Խորենացի փողոցում բախվեց ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ:

Արցունքաբեր գազ, ոտքերի տակ պայթող նռնակներ, մահակներով ծեծ ու այրվածքներ հասցնող պայթուցիկների տեղատարափ․․․ մի քանի ժամ մարտադաշտ հիշեցնող այս միջադեպից տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ լրագրողներ, բերման ենթարկվեց մոտ երկու հարյուր քաղաքացի։

Ոստիկանների գործողություններից տուժեցին նաև Սարի թաղի բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Կիրառված հատուկ միջոցներից հրդեհ բռնկվեց քաղաքացիներից մեկի առանձնատանը:

Ոստիկանների արձակած պայթուցիկիներից մեկը վնասեց 16-ամյա Սայաթ Հարությունյանի ձախ աչքը, ժամեր անց բժիշկները ստիպված եղան հեռացնել այն։

Իրավապաշտպանների տվյալներով Սարի թաղից և Խորենացի պողոտայից, երկու շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ բերման ենթարկվեց ավելի քան հազար քաղաքացի, որոնց թվում նաև հայտնի մտավորականներ ու աշխարհահռչակ դերասան Արսինե Խանջյանը։

Հայաստանյան իրադարձությունները հայտնվեցին աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների լրահոսում, ոստիկանական գործողությունները քննադատեցին միջազգային իրավապաշտպան կառույցները։ Դատապարտելով բռնությունները՝ ԱՄՆ ու ԵՄ անդամ երկրները հայաստանյան իշխանություններին կոչ արեցին զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց՝ «ոստիկանությունը կոպտագույնս խախտել է մարդու իրավունքները»։

Հուլիսի 29-ի դեպքերից հետո, պաշտոնից ազատվեցին մի քանի ոստիկաններ, մինչդեռ մեղադրանք առաջադրվեց ընդդիմադիր մի շարք գործիչների: Նրանցից՝ Անդրիաս Ղուկասյանը արդեն մեկ տարի գտնվում է ճաղերի հետևում։ Երկու ոստիկանի ցուցմունքներով՝ ընդդիմադիր գործիչը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ: Քննիչի պնդմամբ նա նպատակ է ունեցել խոչընդոտել իրավապահների գործողությունները, խափանել «Սասնա ծռերի» կողմից գրավված գնդի տարածքն ու պատանդներին ազատելը: Ղուկասյանն ու փաստաբանը շինծու են որակում մեղադրանքը։

Ոստիկանների ցուցմունքներով մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև Սարի թաղի 10 բնակիչներ, ովքեր հուլիսյան իրադարձությունների ժամանակ փաստացի գտնվելով շրջափակված թաղամասում՝ կենցաղային հարցեր բարձրաձայնելիս ընդհարվել էին ոստիկանների հետ: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։

Ի տարբերություն սարիթաղցիների ու ընդդիմադիր գործիչների, մեկ տարի առաջ 27 լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով որևէ ոստիկան մեղադրյալի աթոռին չի հայտնվել։ Լրագրողական 9 կազմակերպություններ նախօրեին իշխանություններից պահանջեցին արդյունավետ քննությունն անցկացնել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ ակնհայտ է, որ լրագրողների նկատմամբ բռնությունները ոստիկաններն էին գործադրել:

Հուլիսի 29-ին լրագրողների նկատմամբ կիրառված դաժան բռնություններին օրեր անց անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանը։ Նախագահը հորդորեց մոռանալ կատարվածը՝ վստահեցնելով, որ արվելու են անհրաժեշտ հետևություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG