Մատչելիության հղումներ

Human Rights Watch. Մարդու իրավունքների ասպարեզում խնդիրներ Հայաստանում դեռևս առկա են


«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրագործմանը` այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության ոլորտներում», - աշխարհում մարդու իրավունքների կացությանը նվիրված ամենամյա զեկույցում նշում են արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Human Rights Watch-ի ներկայացուցիչները:

Զեկույցի հեղինակները մեկ անգամ ևս ընդգծում են, որ 2018-ի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների գնահատականի, համապատասխանել են միջազգային չափանիշներին և անցել են իրապես մրցակցային մթնոլորտում:

Դրա հետ մեկտեղ, Human Rights Watch-ի ներկայացուցիչները նշում են, որ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում խնդիրներ և թերություններ Հայաստանում դեռևս առկա են: Խոսքը մասնավորաբար նախորդ վարչակազմի օրոք կատարված բռնության և իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության «սահմանափակ բնույթի մասին է»:

«Հայաստանի ոստիկանությունը առավելապես խաղաղ ցույցերը ցրելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառման հարուստ պատմության ունի», - գրում են Human Rights Watch-ի փորձագետները` հիշեցնելով, որ 2008-ի մարտի 1-ին կատարված ցուցարարի սպանության համար 2019-ի հունիսին ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյայի մեղադրանք էր առաջադրվել:

«Դրա հետ մեկտեղ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունները շարունակում են կասեցված մնալ: Իշխանությունները պնդում են, որ չեն կարողանում բացահայտել բռնության հեղինակների ինքնությունը», - նշում են իրավապաշտպանները:

Հավելենք, որ Human Rights Watch-ի հիշատակած դեպքերն են 2015-ի հունիսին «Էլեկտրիկ Երևան»-ի և 2016-ի հուլիսին Սարի Թաղում տեղի ունեցած ընդհարումները:

Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպերին, ապա Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները հիշատակում են նախորդ տարվա օգոստոսին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիան: Դրա ընթացքում, հիշեցնում են զեկույցի հեղինակները, ոստիկանությունը թույլ չէր տվել բողոքի գործողություն անցկացնել խորհրդարանի շենքին հարող հանրային այգում` կարճ ժամանակահատվածով բերման ենթարկելով ցուցարարներից վեցին:

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների թվում Human Rights Watch-ի փորձագետները նաև մատնանշում են ընտանեկան բռնության դեպքերը և իրավապահների կողմից դրանց ցուցաբերվող արձագանքը:

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում հայաստանցի իրավապահներն ընտանեկան բռնության հետքերով հարուցված 331 քրեական գործ էին հետաքննում, որոնցից 176-ը նորաբաց էին», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. - «Այս գործերով 209 պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարան է հասել ընդամենը 45-ը»:

Human Rights Watch-ը չի շրջանցում նաև սեռական փոքրամասնությունների և նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնությունների դեպքերը:

«2019-ի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Pink Armenia կազմակերպությունը և LGBT համայնքի շահերը պաշտպանող մյուս կառույցները Հայաստանում սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված 17 ֆիզիկական հարձակման դեպք են արձանագրել», - նշում են զեկույցի հեղինակները:

Human Rights Watch-ը անդրադառնում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Հայաստանում ծավալված բանավեճին` արձանագրելով, որ դրա ընթացքում հաճախակի էր ատելության խոսքի կիրառումը: Դրան զուգահեռ, իրավապաշտպանները հարկ են համարում հատուկ ընդգծել` «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը չի հակասի երկրի Սահմանադրությանը»:

XS
SM
MD
LG