Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այսօր իր նստավայրերից մեկում` Սանդրիգեմում, թագավորական ընտանիքի արտակարգ հավաք է հրավիրել` քննարկելու թոռան` արքայազն Հարիի և նրա կնոջ` ամերիկուհի Մեգան Մարքլի անցած շաբաթ կայացրած որոշումը:
Այդ որոշմամբ Հարին և նրա կինը վայր են դրել թագավորական ընտանիքի անդամներին վերապահվող բոլոր արտոնություններն ու պարտականությունները: Զույգը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է տարվա մեծ մասն անցկացնել Հյուսիսային Ամերիկայում` Կանադայում: Մեգանն արդեն իսկ մեկնել է Կանադա իր և Հարիի որդու` Արչիի հետ:
Հարին և Մեգանը թագավորական ընտանիքի անդամի լիազորությունները վայր դնելուց առաջ ոչ թագուհու և ոչ էլ թագաժառանգ Չարլզի հետ չեն խորհրդակցել, նշում են բրիտանական լրատվամիջոցները` նշելով, որ սա վերջին տարիներին թագավորական ընտանիքում ծագած ամենալուրջ ճգնաժամն է: