Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի թոռը՝ Սասսեքսի դուքս, արքայազն Հարին, և նրա կինը՝ Սասեսեքի դքսուհի Մեգանը, որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակով ստանձնած պարտավորություններից և արտոնություններից:
Զույգն Ինստագրամում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ հետայսու ժամանակի մի մասը կանցկացնի Միացյալ Թագավորությունում, մի մասն էլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հարին և Մեգանը մտադիր են ստեղծել բարեգործական նոր հիմնադրամ, որի առաքելության մասին առայժմ տեղեկություն չկա:
Արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից և արտոնություններից հրաժարվելու մասին զույգի որոշումն, ըստ բրիտանական մամուլի, տհաճ անակնկալ է արքունիքի համար:
Բուքինգհեմյան պալատը հայտնել է, թե «ըմբռնում է այլ ճանապարհ ընտրելու Հարիի և Մեգանի որոշումը, սակայն դա բարդ հարց է, և այն վերլուծելու համար ժամանակ է պետք»: