Ուկրաինայի իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ Թեհրանից ակնկալում են ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում: Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը այսօր կեսօրին տեղադրվել է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում:
«Իրանը ուկրաինական օդանավի կործանման հարցում ընդունել է իր մեղքը: Բայց մենք պնդում ենք, որ Թեհրանը դա անի լիարժեքորեն», - նշել է Զելենսկին` մանրամասնելով, - «Ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ և ամբողջական հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն կհայտնի, դատական պատասխանատվության կենթարկի այն բոլոր անձանց, որոնք պատասխանատու են տեղի ունեցածի համար, կվերադարձնի զոհերի մարմինները և պաշտոնապես ներողություն կխնդրի կատարվածի համար: Բացի այդ մենք ակնկալում ենք, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի կատարվածի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Հիշեցնենք, մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն այսօր ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, ինչի հետևանքով 176 մարդ է զոհվել։