Այս տարվա հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած այս նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում։ Ներկայումս առաջնեկի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամ է, երկրորդինը՝ 150 հազար։
«Այսինքն՝ առաջին երեխայի դեպքում` 6 անգամ ավելի, իսկ երկրորդ երեխայի դեպքում՝ 2 անգամ ավելի», - ասաց նախարարը:
Մեկ այլ նախագծով հուլիսից կրկնապատկվելու է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Ըստ նախարարի՝ սա արվում է ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով։ Ներկայիս 18 հազար դրամը հուլիսից կդառնա 26 հազար 500 դրամ։ Օրենքի ուժի մեջ մտնելու պահից այն կվերաբերի 2 տարին չլրացած բոլոր երեխաներին։ Բացի նպաստի կրկնապատկվելուց, մեկ այլ էական փոփոխություն էլ է կատարվել։ Նախարարն ասաց՝ գյուղական համայնքներում հուլիսից խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը, իսկ աշխատողները՝ կրկնակի։
«Մինչ այս մենք միայն, այսինքն՝ այս պահին գործող կարգավորումներով խնամքի նպաստը տրամադրում ենք միայն աշխատող մայրերին, 18 հազար դրամ, ովքեր գտնվում են արձակուրդում, բայց այս դեպքում մենք, քանի որ բացասական միտումները զգացվում են նաև գյուղական համայնքներում, խթանելու համար երեխաների ծնունդը, քանի որ գյուղական համայնքներում մայրերը կամ ծնողներն ավելի շատ չգրանցված աշխատանք են իրականացնում կամ չունեն այդ հնարավորությունը, մենք այս նպաստը տրամադրում ենք անկախ այդ աշխատելու հանգամանքից, իսկ աշխատողների դեպքում գումարն ավելանում է, և եթե գյուղում աշխատում են, դա կրկնապատկվում է: Դայակների ծրագիրն այլ ծրագիր է, զբաղվածության ծրագիր է», - ասաց նախարարը:
Վարչապետը նկատեց. - «Այստեղ կա աշխատանքի հետ կապված սեգմենտ, այսինքն՝ գյուղական վայրում եթե չի աշխատում, ստանում է 26 հազար դրամ, եթե աշխատում է, ստանում է 52 հազար դրամ»:
Երեխաների միանվագ նպաստի ավելացումը ծնելիության խթանման ուղերձ է, ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը. - «Ուզում ենք խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի, և ուզում եմ ընդգծել, որ սա կանանց ներգրավվածությունը հանրային, տնտեսական կյանքում մեծացնելու մեր գաղափարախոսության հերթական արտահայտություններից մեկն է»:
Առաջարկված փոփոխությունների համար պետբյուջեից կվճարվի 4 միլիարդ 686 հազար դրամ, զեկուցեց Զարուհի Բաթոյանը։ Վարչապետն էլ իր հերթին նշեց՝ գյուղական համայնքներում աշխատող մայրերին կրկնակի վճարելով աշխատատեղ են ստեղծում նաև այլոց համար։
«Երբ ինքը գնում է աշխատանքի և ստանում է այս նպաստը կրկնակի, ինքը պետք է ինչ-որ մեկին խնդրի, որ իրեն օգնեն, պայմանական ասած՝ դայակ վարձի: Ես նկատի ունեմ՝ սրանով ինքը ոչ միայն մի աշխատատեղ զբաղեցնում է, այլև աշխատատեղ է բացում մեկ ուրիշ կնոջ համար: Հենց մեր գաղափարախոսությունը սա է, որ մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաև զարգացման էլեմենտը»:
Հիշեցնեմ՝ հունվարից բարձրացել են կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը՝ 10 տոկոսով, նվազագույն աշխատավարձը՝ 13 հազար դրամով։ Գործադիրի հիմնավորմամբ՝ այս փոփոխությունները հնարավոր են դարձել, քանի որ ավելացել են պետբյուջեի եկամուտները: