Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով


Հայաստանի կառավարության նիստը, 26-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստանի կառավարության նիստը, 26-ը դեկտեմբերի, 2019թ.

Հայաստանում բոլոր կարգի կենսաթոշակները գալիք տարվա հունվարի 1-ից կբարձրանան միջինը 10 տոկոսով, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրը հավանության արժանացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած՝ կառավարության որոշման նախագիծը, ըստ որի փոփոխություններ կատարվեցին պետական կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող գործադիրի 2010թ. և 2013թ. որոշումներում։

«2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության բոլոր կարգի կբարձրանան միջինը 10 տոկոսով: Դուք այստեղ սանդղակներն էիք մոտավորապես ներկայացնում, որոնք իրենց հերթին կինդեքսավորվեն արդեն անհատական տվյալներով՝ կախված ստաժից, աշխատանքից և այդպես շարունակ», - ասաց վարչապետը:

«Կառավարության ծրագրի համաձայն պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ», - ընդգծեց Զարուհի Բաթոյանը, ապա մանրամասները ներկայացրեց. - «Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 հազար դրամի փոխարեն սահմանել 18 հազար դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ, զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 հազար դրամի փոխարեն սահմանել 40 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում 26 հազար դրամի փոխարեն սահմանել 30 հազար դրամ, երրորդ խմբի դեպքում 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ, իսկ եկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ»:

Այս տարվա մարտին էր, երբ իշխանությունները բարձրացրեցին կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի շեմ սահմանելով 25,500 դրամ, և համաձայն այդ փոփոխության՝ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանում թոշակառուները սկսեցին ստանալ առնվազն այդքան գումար։ Մինչ այդ գործում էր հիմնական կամ բազային կենսաթոշակը՝ 16 հազար դրամ, և ըստ վիճակագրության շուրջ 18 հազար մարդ ստանում էր 25,500 դրամից պակաս։

Այսպիսով, գալիք տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն էլ ավելի բարձր է լինելու՝ 25,500 դրամի փոխարեն 27 հազար դրամ. - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. դեկտեմբերի 26-ի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին թիվ 14/89 N որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25,500 դրամի փոխարեն սահմանել 26,500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ», - ներկայացրեց Բաթոյանը:

Կառավարության նիստը, սակայն, մեկնարկեց նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հրապարակմամբ։ Վարչապետն այն «ռեկորդային» բնորոշեց 2019 թվականի համար։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%. - «Շատ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ ունենք 25.7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով, և սա նոյեմբերի ցուցանիշներն էին: 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է», հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթ ունեցավ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, թե հաշվի առնելով այս թվերը՝ տարին Հայաստանը կփակի 7.5% տնտեսական աճով։ Վարչապետը պետբյուջեի հարկային եկամուտների հավաքման աճը կապեց տնտեսական աշխուժության հետ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ 2019թ. Հայաստանի պետական գանձարանը կամփոփի մոտ 61 միլիարդ դրամ ավելի շատ հարկ ու տուրքով, քան նախատեսված է այս տարվա պետական բյուջեով։

«Պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը, հանած ավելացված արժեքի հարկի բոլոր վերադարձները, լինելու է տրիլիոն 461-ի շրջանակում: Եթե մենք մի պահ հին ավելացված արժեքի հարկի դեբետների ցուցանիշը, որը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 42 մլրդ դրամի վերադարձ, այսօր արդեն մենք ունենք 40.5 մլրդ դրամի վերադարձ, ապա եթե հիպոթետիկ գումարենք այդ 42 մլրդ դրամը տրիլիոն 461-ին, մենք, ըստ էության, ունենք տրիլիոն 502-ի շրջանակում փաստացի կատարողական», - մանրամասնեց Դավիթ Անանյանը:

XS
SM
MD
LG