Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ այդմ, ՀՔԾ-ն դիմել է դատարան՝ նրան կալանավորման միջնորդություն ներկայացնելով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:
ՀՔԾ-ից մասնավորապես նշեցին, որ մեղադրանքի փոփոխությունից հետո քննիչի կողմից նրա նկատմամբ կրկին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:
Նորայր Փանոսյանը, ըստ մամուլի, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է: Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:
Նախկինում Նորայր Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել էր, ապա վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։