Մատչելիության հղումներ

ՃՏՊ-ների թիվը 2019-ին աճել է նախորդ 2 տարվա համեմատ


Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի և 2018-ի համեմատ աճել է: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից փոխանցեցին, որ 2017-ին Հայաստանում տեղի է ունեցել 3535 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 279, մարմնական վնասվածքներ ստացել` 5179 մարդ։

2018-ին հաշվառվել է 4111 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 343, մարմնական վնասվածքներ ստացել` 5950 մարդ: Իսկ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանն ասում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի աճը պայմանավորված է և՛ մեքենաների մեծ թվով, և՛ կարգազանց վարորդներով. - «Փողոցները չեն փոխվել վերջին տարիներին, իսկ մեքենաների քանակը, այսպես ասած՝ ավտոպարկը շուրջ 2 անգամ վերջին գոնե 3 տարվա ընթացքում ավելացել է: Դրա հետևանքով մեքենաների քանակի խտությունը փողոցներում մեծացել է, և միջին հաշվարկներով 2 մեքենայի միջև տարածությունը, հեռավորությունը երթևեկության ընթացքում գնալով կրճատվում է, որի հետևանքով մի փոքր անուշադրություն, մի փոքր անզգուշություն, մի փոքր երթևեկությունից շեղում, և դա բերում է վթարների: Նաև իրենց դերն ունեն երթևեկության մեջ կարգազանց վարքագիծ դրսևորող վարորդները, որոնց գործողությունների հետևանքով միգուցե իրենց մեքենայի հետ վթար չպատահի, բայց այլ մեքենաների դեպքում վթար տեղի ունենա: Սրանք են, որ հիմնականում ազդում են ընդհանուր վթարների ուղղությամբ», - ասաց նա:

Ղահրամանյանը նկատում է՝ նախքան 2018-ի հեղափոխությունը վարորդներն ավելի զգոն են եղել, խախտումներն ավելի քիչ. - «Եթե նախկինում ինչ-որ մի երևույթ կարող էին գիշերվա 3-ին, 4-ին անել, այսօր 2018-ից հետո՝ ցերեկվա 3-ին, 4-ին։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ մինչև 2018-ի այդ դեպքերը վարորդները համեմատաբար ավելի զսպված էին։ 2018-ի դեպքերի հետևանքով վարչապետի մի քանի աղմկահարույց հայտարարությունները՝ «վարորդները տուգանքի մատերիալ չեն», համաներում, նաև 8 տեսակի խախտումների չարձանագրում, բերեց նրան, որ վարորդները զգոնությունը կորցրեցին, և ինչ-որ տեղ նաև իրենց առավել շատ գործողություններ թույլատրեցին, քան օրենքով նախատեսված էր»:

2 օրից ուժի մեջ է մտնելու բալլային համակարգը։ Հունվարի 1-ից յուրաքանչյուր վարորդ կունենա 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները։ Եթե միավորները զրոյանան, վարորդական վկայականը 6 ամսով կկասեցվի։ Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը կարծում է՝ բալլային համակարգի շնորհիվ զոհերի թիվը կնվազի․ - «Երթևեկության մեջ վերահսկողությունը տեղի է ունենալու Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից, իսկ դրանք ուժի մեջ են մտնելու սեպտեմբեր ամսից, և մինչև սեպտեմբեր ամիսը դա ևս բոնոս է լինելու վարորդներին, որպեսզի ընտելանան այս նոր մոտեցումներին, նոր մեթոդակազմին, գործիքակազմին: Միայն այն, որ կարող են կորցնել վարորդական իրավունքը՝ կասեցման տեսքով կամ զրկման, վարորդներին պետք է սթափեցնի լինել ավելի լուրջ, առավել խելամիտ իրենց գործողություններում և հնարավորինս զերծ մնալ խախտումներից:»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG