Մատչելիության հղումներ

Ալավերդիի կարի արտադրամասի գործատուն խոստացել է՝ երկուշաբթի օրը որոշ գումար վճարել


Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցները փակել էին մուտքի դուռը և թույլ չէին տալիս իրենց գործատու Կարեն Դասոյանին դուրս գալ շենքից՝ քանի չի վճարել իրենց առաջին աշխատավարձը՝ աշխատած մեկ ամսվա դիմաց։

Երկար բանակցություններից հետո գործատուն խոստացել է՝ երկուշաբթի օրը որոշ գումար վճարել, մինչև պատվիրատուից գումար կստանան ապրանքի դիմաց։

1,5 ամիս առաջ «Կոտտոնի» ընկերությունը Ալավերդիում կարի արտադրամաս էր բացել՝ խոստանալով, որ կվճարի միջինը 80 հազար դրամ աշխատավարձ։ Սակայն 150 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել։

Ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանը, մինչդեռ, պատճառաբանում է, որ արտադրանքի առաջին խմբաքանակը նոր է ճանապարհել Ռուսաստան։ Պատվիրատուն, ըստ պայմանագրի, ապրանքի դիմաց վճարումը կկատարի տեղ հասնելուց հետո միայն։

«Որ մենք էս հիմնարկությունը բացել ենք, ամենադեմից ես ասել եմ, որ «ժողովուրդ ջան, նոր բացվող հիմնարկություն է, առաջին երեք ամիսը դժվար է լինելու, մանավանդ առաջին ամիսը»։ Նեղություն է բան չունեմ ասելու, բայց հիմա էս նեղության դեպքում ես էլ կարամ չէ՞ ասեմ՝ պայմանագրի հիման վրա, «դե հիմա, երբ որ կհասնի-կհասնի», բայց ես իրանց ասեցի՝ ես իմ կողմից որոշ գումար կտրամադրեմ, էն էլ երբ որ կփոխանցեն, էդ սաղ փողերը ձերն է։ Հիմա իմ մեղքը, ինձ ո՛չ փող են փոխանցել, որ ես ասեմ՝ փողը փոխանցել են, ես չեմ տվել», - ասաց Դասոյանը։

Աշխատակիցները, այդ թվում նաև արտադրամասի գործադիր տնօրենն ու մյուս պատասխանատուները նշում էին, որ չեն ընդունում այդ պատճառաբանությունները և աշխատանքի դուրս չեն գա՝ մինչև չստանան իրենց աշխատած օրերի դիմաց վճարը։

XS
SM
MD
LG