Մատչելիության հղումներ

Ալավերդիում կարի արտադրամաս է բացվել, այնտեղ 150 մարդ է աշխատում


Տասնամյակներ շարունակ ծանր արդյունաբերության վրա հենված Ալավերդի քաղաքում կարի արտադրություն է սկսվել։ Մոտ մեկ ամիս առաջ բացված արտադրամասում 150 մարդ է աշխատում։

«Կոտտոնի» ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանն ասում է՝ կարի նոր մեքենաներ են ներկրում, որից հետո աշխատողների թիվը կհասցնեն 250-ի՝ 80 հազար դրամ միջին աշխատավարձով. - «Ես տեսնում եմ մարդկանց ցանկությունը, եղել է մարդ, որ գալիս է, տեսնում ենք, որ չի կարում, բայց երկրորդ օրն էլ է գալիս, ուրիշ մեքենայի վրա նստում, երրորդ օրն էլ է գալիս, ասում ենք՝ քոնը չի էլի, դու էս չես կարա անես, ասում է՝ դե գոնե մի բան էլի», - նկատեց նա:

Կարի նորաբաց արտադրամասում աշխատելու համար դիմել է 700 մարդ, բայց բոլորին աշխատանքի վերցնելու հնարավորություն դեռ չունեն։ Տեխնոլոգ Գոհար Մոսինյանն ասում է՝ Ալավերդիում տասնամյակներ առաջ փակված հսկա ֆաբրիկայի անգործ մնացած կանայք այսօր իրենց լավագույն աշխատողներն են։

«Շուրջ 30 տարի չենք աշխատել, անգործ ենք եղել, եկանք, հավաքագրեցինք կարողներին, որոնք ունեին բազմամյա տարիների փորձ, և էսպես աշխատում ենք ուրախ, բարձր տրամադրությամբ», - պատմեց նա: Հավելեց՝ երկար են սխասել ու երազել այդ աշխատատեղի մասին:

Անուշ Դանիելյանի ամուսինը երկար տարիներ Ալավերդու պնղձաձուլարանում է աշխատել։ Անցած տարի գործարանի փակվելուց հետո գործազուրկ դարձած 400 աշխատողներից մեկն էր։ Անուշն ասում է՝ արդեն մեկ տարի ընտանիքն անելանելի վիճակում է։ Բայց կարի նորաբաց արտադրամասում աշխատանք գտնելը մեղմել է հոգսերը։ Դեռ աշխատավարձ չեն ստացել, բայց հույս ունի, որ ընկերության ղեկավարների նորմալ աշխատավարձ վճարելու խոստումներն իրականություն կդառնան։

«Գոհ ենք, որ գոնե աշխատանք ունենք, բայց տղամարդկանց աշխատանքն ավելի կարևոր ա ընտանիքի համար, քան թե կնիկ արմատի, բայց հուսով եմ, որ իմ աշխատանքը կօգնի իմ ընտանիքին», - նշեց Դանիելյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը միջնորդել է կառավարությանը արտոնություններ սահմանել մեծ գործազրկություն ունեցող Ալավերդիում արտադրություն սկսած «Կոտտոնի» ընկերության համար։ Կառավարությունից խոստացել են 3 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումն ու ազատել հումքի մաքսատուրքից ԵԱՏՄ տարածքից դուրս՝ երրորդ երկրից հումք ներկրելու դեպքում։ Համասեփականատերն ասում է՝ դեռևս հումքը ներկրում են բացառապես Ռուսաստանից և կառավարության առաջարկած արտոնությունից չեն կարող օգտվել։ Ավելացված արժեքի հարկի հետաձգումն էլ գործարարին մտքերի մեջ է գցել՝ արժե՞ պարտք կուտակել, թե՞ ոչ։ Նշում է, որ արտադրանքի առաջին խմբաքանակն արտահանելուց հետո որոշ հարցերի պատասխան ավելի հստակ կունենան։

Գործունեության առաջին ամսում դեռ մեծ եկամուտներ չեն ստացել։ Ռուս գործընկերը, որ և՛ ընկերության համահիմնադիրն է, և՛ պատվիրատուն, սպասում է մանկական հագուստի առաջին խմբաքանակին։ Կարեն Դասոյանը համոզված է, որ առաջիկայում արտադրական ծավալների ավելացման հետ նաև եկամուտներն ու աշխատավարձերը կավելանան։ 30 աշխատատեղ ունեցող փոքրիկ արտադրամաս էլ Վանաձորում է բացել։

«Ոգևորված են, ես տեսնում են մարդկանց աչքերի մեջ, որ իրենք ուզում են աշխատել, ցանկություն ունեն շատ, ես ոնց նկատել եմ, ուրախ են գալիս գործի», - ասաց Դասոյանը:

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն ասում է՝ Ալավերդիում նոր ներդրումների հեռանկարներ կան, որոնք կփոխեն թունավոր արտանետումներ ունեցող քաղաքի համբավը. - «3-4 ներդրումային նախագծեր կան այս պահին սեղանին դրված, և մեծ ծավալի աշխատանք ենք տանում, չեմ ուզի առաջ ընկնել, փակագծեր բացել, բայց մեծ ուշադրություն կա: Նաև սա կարևոր է տնտեսության կառուցվածքը փոխելու առումով, կարի արտադրամասը, որովհետև Ալավերդին տարիներ ի վեր վնասակար արտանետումներով լի քաղաք է եղել, և այդ համբավն էլ ունեցել է, իսկ կարի արտադրամասը այն հնարավորությունն է, որը թույլ է տալու տնտեսության կառուցվածքն աստիճանաբար փոխել և քաղաքը դուրս բերել գործարանից ունեցած կախվածությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG