Մատչելիության հղումներ

Մոսկվան SU֊30 կործանիչներ է վաճառել Երևանին Ռուսաստանի ներքին գներով


Ռուսաստանը Հայաստանին է վաճառել 4 SU֊30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով, գրել է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը՝ «Ռուսաստանը Հայաստանին կործանիչներ է վաճառել, ինչպես ինքն իրեն» վերնագրով հոդվածում։

Մոսկվան ու Երևանը 4 կործանիչների վաճառքի մասին պայմանագիր են կնքել, Հայաստանը այդ կործանիչները կստանա արդեն 2020 թվականին, գրում է թերթը, հղում անելով իր աղբյուրին։ «Կոմերսանտի» տեղեկություններով, համաձայնագիրը կնքելու համար Ռուսաստանը գնացել է լուրջ զիջումների՝ ոչ միայն վարկ է կնքել, այլն նաև կործանիչները վաճառել է ներքին գներով։

Գործարքը շատ կարևոր է հայկական կողմի համար, քանի որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Երևանը ձեռք բերում բոլորովին նոր, արդիական ռազմական օդանավեր։

«Կոմերսանտը» գրում է, որ գործարքի մասին երեկ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն այդ տեղեկությունը մեկնաբանելու՝ «Ազատության» խնդրանքին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել էր՝ ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մենք աշխատում ենք SU֊30֊ների ձեռք բերման ուղղությամբ, երբ որ կլինեն առարկաական արդյունքներ, մենք դրանց մասին կհայտարարենք։

Հիշեցնենք՝ մոտ երկու ամիս առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Երևանը և Մոսկվան մոտենում են SU֊30֊ների մատակարարման պայմանագրի կնքման եզրափակիչ փուլին։

«Կոմերսանտ»֊ը գրում է, որ գործարքը Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել է ՀԱՊԿ֊ի շրջանակներում և հայկական կողմը կարողացել է այդ կործանիչները ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով, ինչպես նաև պայմանավորվել է, որ հայ օդաչուներն ու մասնագետները համապատասխան վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի ռազմական կառույցներում։

Ռուսական թերթը նաև գրում է, որ կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ դեռևս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երևանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել։ Ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երևանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Թերթը գրում է, որ այս հարցը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են սեպտեմբերին կայացած հանդիպմանը, հակական կողմը ուզում էր ձեռք բերել 6 կործանիչ, սակայն համաձայնել են 4֊ի շուրջ։

Սա Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջին նման համաձայնագիրն է ապրիլյան հեղափոխությունից հետո։ «Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանի համար ևս այս պայմանագիրը կարևոր է, քանի որ այսպիսով Մոսկվան ամրապնդում իր դիրքերը ՀԱՊԿ֊ի իր դաշնակցի հետ հարաբերություններում։

Ռազմական օդանավի մի նմուշ, ռուսական թերթի տվյալներով, օգոստոսին բերել էին Երևանի «Էրեբունի» օդանավակայան, որպեսզի Փաշինյանը կարողանար այն տեսնել։ Հիշեցնենք՝ այն ժամանակ Հայաստանի վարչապետը լուսանկարվել էր կործանիչի հետ և գրառում թողել Ֆեյսբուքում, թե աշխարհի ամենալավ կործանիչներից մեկն է։

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Ֆրալովը համարում է, որ այս գործարքը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար և այն շոշափելի բարձրացնում է հայկական բանակի ներուժը։ Սրա հետ մեկտեղ, Ֆրալովը «Կոմերսանտին» ասել է, թե ադրբեջանական կողմը ի պատասխան կփորձի ձեռք բերել ժամանակակից կործանիչներ, և պարտադիր չէ, որ դրանք ձեռք բերի Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG