Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյան. «Մի համակարգի հետ ենք աշխատել, որը կացնահարելը պետության շահից չի բխում»


Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիս է տալիս, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիս է տալիս, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2019թ.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա աշխատանքը գնահատում է բավարար։

«Ես այն գնահատում եմ նվազագույնը բավարար, որովհետև մենք կարողացել ենք ապահովել մեր առջև դրած խնդիրները և 20 թվականին մեր ցուցանիշը պատրաստվում ենք դարձնել ավելի լավը և ինչո՞ւ ոչ, նաև գերազանց», - հայտարարեց նախարարը:

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան այսօրվա ասուլիսում կես ժամ պատմեց անցնող տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:

«Հանրության համար ամենանկատելին թերևս ճանապարհաշինությունն է», - շեշտեց նախարարը։ Իսկ հաջողվե՞լ է իր ոլորտում հեղափոխության նկատմամբ պետական համակարգի դիմադրությունը կոտրել, հետաքրքրվեցինք նախարարից՝ վկայակոչելով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ձեռքբերումներն ի հեճուկս այդ դիմադրությանն են։

«Համակարգում կա ընդգծված բյուրոկրատական, թղթաբանական, այսպիսի մի ծանր փուլ, որը հաղթահարելն ուղղակի ֆիզիկապես և նյարդերի համար բավականին ծանր է: Ես չգիտեմ՝ ինչի համար է դա ստեղծվել, ես գոնե մեր նախարարության սկզբնական հատվածում, հիմա էլ ջանքեր եմ գործադրում նոր ձևավորված նախարարությունում դա գործադրել, հասել եմ ու հասնելու եմ նրան, որ բովանդակային առումով այն, ինչ ակնկալում եմ ես, ակնկալում են ղեկավարները, պետք է ստորին օղակի աշխատակիցները դա ապահովեն», - պատասխանեց նա:

Կառավարության նախկին անդամներ Մանե Թանդիլյանը և Արծվիկ Մինասյանը վարչապետի հայտարարությանը արձագանքել էին՝ մեղադրելով գործադիրի ղեկավար կազմին։ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասել էր՝ փորձում են ձախողումների մեղքը բարդել ստորին օղակների վրա։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Թանդիլյանն էլ նշել էր, թե եթե հեղափոխությունից մեկուկես տարի անց կառավարությունը չի կարողացել այդ խնդիրը լուծել, ուրեմն անունակ է:

Սուրեն Պապիկյանին հարցրինք՝ վերին օղակը՝ նախարարները մեղքի բաժին չունե՞ն: «Երբևէ պարոն Արծվիկ Մինասյանի հետ այս թեմայով չեմ խոսել, բայց գործընկեր Մանե Թանդիլյանի հետ խոսակցություն այս թեմայով հաստատ ունեցել ենք: Եվ սա բարդել ղեկավարների, իմ, նախկինում իր, աշխատակազմի կամ վարչապետի, կամ մյուսի վրա, որևէ մեկը բարոյական իրավունք չունի, որովհետև մենք մի համակարգի հետ ենք աշխատել, որը միանգամից քանդելը, «կացնահարելը» պետության շահից չի բխում, իսկ դրա ավելի հանգիստ ու կայուն փոփոխությունը ժամանակ է պահանջում», - պատասխանեց նախարարը:

Հեղափոխական կառավարությունում 6-7 ամիս նախարար աշխատած Թանդիլյանն ու Մինասյանը վարչապետի կոշտ հայտարարությունը համարել էին նաև «կադրային ջարդի ահազանգ»։ Սուրեն Պապիկյանը հակադարձեց՝ անգամ նախարարությունների օպտիմալացման փուլում «ջարդ» չեն արել, իսկ օպտիմալացումներ սպասվում են:

«Սա քաղաքական դիվիդենտներ շահելու խնդիր է, կարծում եմ, որովհետև այս փուլում ընդդիմությունը, բնականաբար, կառավարությանը թիրախավորելու այս ուղղությամբ առիթը բաց չի թողնելու: Փաստ է չէ՞, որ կրճատվելու են 40-50 հոգի, բա այդ 40-50 հոգու քաղաքական համակրանքը չշահե՞ն մեր գործընկերները, բա պիտի շահեն չէ՞», - հավելեց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գլխավոր պատասխանատուն չշրջանցեց նաև անցնող տարվա ոչ պակաս աղմկահարույց նախարարների եռապատկված, փոխնախարարների ու մարզպետների կրկնապատկված աշխատավարձի, շռայլ պարգևավճարների թեման։ Պարզաբանեց՝ միայն նախարարների աշխատավարձը չէ, որ բարձրացել է, պարգևավճարներն էլ ըստ աշխատանքի արդյունավետության են բաշխել:

«2019 թվականի երկրորդ կիսամյակում, երբ ձևավորվել է մեր նոր նախարարությունը, մեր նախարարության միջին աշխատավարձը մինչ այսօր կազմում է 378 հազար դրամ, խոսքը վերաբերում է զուտ եկամուտին, այսինքն՝ խոսքոը մաքուր աշխատավարձի մասին է, միջին աշխատավարձի մասին է՝ հարկերը հանած, այն պարագայում, երբ 2018 թվականին այն կազմել է 263 հազար դրամ, այսինքն՝ ես սրանով ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականին մեկնարկած և 2019 թվականին իր որոշակի առաջնային փուլ հասած օպտիմալացումն արձանագրում է իր կարևոր արդյունքը: Մենք ունենք կաղող օղակներ, որոնք պետք է աշխատեն՝ ըստ իրենց վճարվող աշխատանքի: Սա ասում եմ՝ ի լուր բոլորի և բազմիցս եմ ասել, թող որևէ մեկը չդժգոհի՝ ինչի՞ Պողոսն ավելին է ստանում, քան ես: Լավ աշխատիր, ստացիր ավելի բարձր», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է կառավարությանն ուղղված նախկին իշխանության մեղադրանքներին, թե նախկինների ծրագրերն են շարունակում, Սուրեն Պապիկյանն արձագանքեց՝ մեկուկես տարի լծված են եղել նաև նախկին իշխանության թողած ժամկետանց ու չկատարված վարկային պարտավորություններն արդիականացնելով:

XS
SM
MD
LG