Մատչելիության հղումներ

«Կադրային ջարդի հրահանգ է». վարչապետի հայտարարությանը արձագանքում են նախկին նախարարները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հեղափոխությունից մեկուկես տարի անց գործադիրի նիստում հայտարարել, թե պետական համակարգն է խոչընդոտում բարեփոխումներին, հարիր չէ վարչապետին։ Հետհեղափոխական կառավարությունում յոթ ամիս նախարար աշխատած Մանե Թանդիլյանի արձագանքն է վարչապետ Փաշինյանի սենսացիոն հայտարարությանը, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Մանե Թանդիլյանը ղեկավարում էր աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը։

«Մենք պարբերաբար ասում ենք, որ կադրային վատ քաղաքականություն է վարում կառավարությունը։ Այո, եղել են տարբեր մտածողության մարդիկ, բայց ի վերջո որոշողը և ուղղություն տվողը կառավարությունն է և վարչապետը։ Եթե մինչև այսօր այդ խնդիրները չի կարողացել լուծել, ուրեմն անունակ է կառավարությունը», - ասաց Թանդիլյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Թանդիլյանը չի հերքում սկզբնական շրջանում ինքն էլ է դիմադրության հանդիպել, բայց ըստ նրա, խնդիրը միայն միջին օղակում չէ, որոշ նախարարների աշխատանքն էլ գոհացուցիչ չէ։ Պատգամավորը հիշեցնում է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսների և Շրջակա միջավայրի նախարարների պաշտոնավարման նպատակահարմարության հարցը խորհրդարանում բարձրացրել է։

«Խնդիրներ կային, բայց արդեն տարիներ են անցնում և խոսել նորից նույն խնդրի մասին, որը առկա էր երկու տարի առաջ, կարծում եմ՝ նշանակում է ոչինչ չանել, չաշխատել», - ասաց Մանե Թանդիլյանը

«Ազատության» հարցին, թե ի՞նչ դիմադրության է հանդիպել, պատգամավորը պատասխանեց. «Խնդիրը մտածողության մեջ է, դիմադրությունը չի հարցը, այլ ինչպես են կոմունիկացնում այս կամ այն բարեփոխումը կամ միտքը։ Եթե չի ստացվում կառավարության մոտ դա անել, ուրեմն խնդիր ունի կառավարությունը»։

Վարչապետը դժգոհել էր նաև պետական համակարգում աշխատակիցների գրագիտության մակարդակից։ Հետհեղափոխական կառավարությունում վեց ամիս նախարար աշխատած Արծվիկ Մինասյանի տպավորությամբ՝ Փաշինյանի հայտարարությունը կադրային ջարդի հրահանգ է։

«Շատ լավ մասնագետներ եղել են ու կան այդ համակարգերի մեջ, վիրավորել այդ մարդկանց պետք չէ, հարկավոր է իսկապես մոբիլիզացիոն քաղաքականության միջոցով հասնել առավելագույն արդյունքի։ Ե՞րբ էր, որ մենք խոսում էինք նույն կառավարության կադրային քաղաքականության ձախողման և կառուցվածքային փոփոխությունների անարդյունավետության մասին, էսօր եթե վարչապետը փաստում է դա, նշանակում է առնվազն գոնե էդ սխալները ուղղելու համար պետք է մի ավելի ճիշտ քայլ կատարի, ոչ թե էլի սկսի հիմա էլ կադրային ջարդը։ Սա նաև հրահանգ է մեծ հաշվով կադրային ջարդի իրականացման համար», - ասաց Մինասյանը։

Կառավարության ղեկավար կազմում ոչ, բայց միջին և ցածր օղակում կադրային ջարդ պետք է լինի, ասում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Իշխանության ներկայացուցչի հիմնավորմամբ՝ պետական կառավարման համակարգը չի հարմարվում նոր պահանջներին ու սկզբունքներին։ Վերափոխման առումով որոշակի առաջընթաց կա, բայց սպասվածից քիչ է։

«Կադրային ջարդը մենք կարող էինք անել ավելի քան մեկ տարի առաջ, բայց մենք չգնացինք դրան, ինչի՞ համար, որպեսզի պետական կառավարման համակարգը հնարավորինս արագ վերափոխվի։ Պետական կառավարման համակարգը որոշակի վերափոխումների ենթարկվել է, իհարկե, բայց ոչ էն չափով, որը որ մենք կուզենայինք, կադրային ջարդ կասեք դրա անունը, թե սերնդափոխություն կարող ենք ասել, բայց դա կարծում եմ՝ պիտի լինի, պիտի տեղի ունենա։ Էլի տեղի ունենա հնարավորինս սահուն, ինչքան որ դա հնարավոր է, բայց կառավարման էն համակարգը, որը էսօր կա չի բավարարում մեր պահանջներին։ Չեմ կարծում, որ էստեղ դրված է կառավարության, այսպես ասած, էն մերձավոր թիմի փոփոխության խնդիր բոլորովին, այո խոսքը միջին օղակների մասին է և ավելի ցածր օղակների։ Էսօր, որ մենք ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, իրոք համակարգային կոռուպցիա չկա, բայց ստորին օղակներում էդ կոռուպցիան կա չէ՞», - ընդգծեց Գևորգյանը։

Վարչապետի պոռթկումը ինքնաքննադատություն է, հասցեատերը՝ գործադիրի ղեկավար կազմը, ասում է Դաշնակցության ներկայացուցիչը և դժգոհում՝ գործող կառավարությունը չունի գաղափարախոսություն. Կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հեղափոխությունը գաղափարախոսություն չէ, այլ ամենօրյա պարտականություն։

«Ամեն գնով սեփական վստահելի անձին տեսնել նախարարի պաշտոնում կամ կառավարությունում պատասխանատու դիրքի վրա, չի նշանակում, որ կառավարությունը արդյունավետ պետք է աշխատի։ Կյանքը ցույց է տալիս նաև, որ անձը կամ անձինք, որոնք որ չեն տիրապետում կառավարման հմտություններին և առաջին իսկ գործողություններից սկսած փորձում են ազատվել պրոֆեսիոնալ կադրերից այն պատճառաբանությամբ, որ իրանք հներ են կամ նախկիններ են, սա բերելու է պրոբլեմների», - ասաց Մինասյանը։

Հնարավոր է վարչապետի հայտարարությունը բխում է նախարարությունների օպտիմալացումից։ Ամիսներ առաջ միավորվեցին, բայց կադրային կրճատումը մեծ մասշտաբի չէ։ Մանե Թանդիլյանը չի բացառում, իսկ Հայկ Գևորգյանը կապ չի տեսնում։

XS
SM
MD
LG