Մատչելիության հղումներ

Մոսկվան մտադիր է պատասխանել Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Շվեյցարական Allseas ընկերությունը դուրս է բերել իր նավերը «Հյուսիսային հոսք» գազատարի տեղադրման վայրից: Այս մասին հղում անելով ընկերությունում իր աղբյուրին՝ հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, թե ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է ասել, թե երբ կարող են վերադառնալ նավերը:

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր օրինագիծ, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների և անձանց նկատմամբ, իսկ ավելի վաղ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր «պատժամիջոցներ դժոխքից» որակումը ստացած օրինագիծը:

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է պատժամիջոցների մասին Միացյալ Նահանգների որոշումը՝ դրանք որակելով միջամտություն երկրի ներքին գործերին, սակայն Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, թե այս որոշումը շատ եվրոպամետ է: Այս մասին Financial Times-ն է հայտնում: Դեսպանի խոսքով՝ Եվրամիության անդամ 15 երկրներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովն ու Եվրոխորհրդարանն իրենց անհանգստությունն են հայտնել ռուսական գազատարի կառուցման կապակցությամբ և խնդրել են ԱՄՆ-ին հնարավոր անել ամեն ինչ Եվրոպայից էներգիայի մատակարարումները դիֆերսիֆիկացնելու համար:

Պաշտոնական Մոսկվան մտադիր է պատասխանել Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցներին, երեկ ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կպատասխանենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին, և մենք, իհարկե, հաշվի կառնենք այդ պատժամիջոցները մեր հարաբերություններում», - ասել է Լավրովը։

Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2»-ի գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, անմիջապես էր դադարեցրել շինարարությունը, թեև ավարտին, ըստ պաշտոնյաների, մնացել էին հաշված շաբաթներ:

Միացյալ Նահանգները պնդում է, թե Բալթիկ ծովով դեպի Եվրոպա ձգվող այս խողովակաշարը, որը, հիշեցնենք, շրջանցում է Ուկրաինան, ամրապնդում է Ռուսաստանի նկրտումներն ու խորացնում եվրոպացիների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ռուսական կողմի տվյալներով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ աշխատանքների 90 տոկոսը կատարված է, իսկ «Թուրքական հոսք»-ի աշխատանքներն արդեն ավարտված են, և հունվարի 8-ին Ստամբուլում պետք է տրվի այդ գազատարի գործարկման մեկնարկը: Ընդ որում, նախատեսված է, որ միջոցառմանը պետք է մասնակցեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:

Երեկ Լավրովը հայտարարել է, որ երկու հոսքերն էլ անպայման գործարկվելու են:

«Պատժամիջոցներին դժոխքից» դեռ օրինագծի տեսք ունեն, և Մոսկվան սպառնում է դրանց ևս պատասխանել, եթե նախագիծն ընդունվի:

Խոսքը վերաբերում է, հիշեցնենք, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի՝ դեկտեմբերի 18-ին հաստատած «Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանության մասին» օրինագծին, որը պարունակում է չափազանց կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, մասնավորապես ենթադրում է պատժամիջոցներ երկրի սուվերեն պարտքի, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված և նրա շահերը սպասարկող պաշտոնյաների, օլիգարխների և նույնիսկ նրանց ընտանիքների, ռուսաստանյան բանկերի, նավթային ընկերությունների նկատմամբ:

Հարցազրույցում Լավրովը նաև հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կրեմլ, որում ռուս - ամերիկյան տարաձայնությունները հարթելու շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Թե կոնկրետ երբ է ուղարկվել նամակը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել:

Հարցազրույցում նախարարը գովել է ԱՄՆ նախագահին և քննադատել դեմոկրատներին, ում պատճառով, Լավրովի խոսքով, Մոսկվան և Վաշինգտոնը չեն կարողանում կարգավորել լարված հարաբերությունները:

XS
SM
MD
LG