Մատչելիության հղումներ

Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում՝ ԱԴԾ շենքի մոտ․ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ


Ռուսաստան - Զինված ոստիկանը դեպքի վայրում, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Զինված ոստիկանը դեպքի վայրում, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2019թ․

Հինգշաբթի երեկոյան տեղական ժամանակով ժամը 18-ի սահմաններում Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել Լուբյանկա հրապարակում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գլխավոր շենքի մոտ, այն պահին, երբ ավարտվել էր երկրի նախագահի ամենամյա ասուլիսը, և Վլադիմիր Պուտինը գտնվում էր Կրեմլում՝ հատուկ ծառայությունների օրվան նվիրված համերգին:

Կրակոցներով հարձակման տեսագրություններն արագ տարածվել են համացանցում: Հարձակվողը գործել է միայնակ: Նա ցանկացել է մտնել ԱԴԾ ընդունարան, որը գտնվում է գլխավոր շենքի մոտ՝ Կուզնեցկի Մոստ փողոցում, սակայն հասկանալով, որ զենքով չի կարող ներս մտնել, վազել է ԱԴԾ գլխավոր շենքի ուղղությամբ, ընթացքում վիրավորել է ծառայության մեկ աշխատակցի, այնուհետև փոխհրաձգության ժամանակ ԱԴԾ մեկ աշխատակից մահացել է, ևս առնվազն երեքը՝ վիրավորվել: Հարձակվողն օգտագործել է Կալաշնիկովի արդիականացված ինքնաձիգ:

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է հինգ վիրավորների և մեկ զոհվածի մասին, որը սպա է:

Սրանք պաշտոնական տվյալներն են:

Անկախ լրատվամիջոցները և բլոգերները հայտնում են, թե հարձակվողներն առնվազն երեքն էին:

Տվյալները նույնիսկ դեպքից ժամեր անց հակասական են:

Քրեական գործ է հարուցվել ծառայություն իրականացնող անձանց վրա հարձակվելու և սպանության հոդվածներով: Ենթադրյալ ահաբեկչին վնասազերծել է նշանառուն: Ռուսական պետական լրատվական գործակալությունները, հղում անելով երկրի հատուկ ծառայություններին, հայտնում էին, որ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչություն, և որ դեպքի վայրում նաև հայտնաբերվել է պայուսակ, որում կար այլ զենք ևս և պայթուցիկ սարք:

Արդեն գիշերը որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ հարձակվողը 39-ամյա Եվգենի Մանուրովն էր: Դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայության օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ:

Բոլշայա Լուբյանկա փողոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով մի քանի ժամ արգելափակված էր երթևեկությունը Մոսկվայի կենտրոնի այդ հատվածում:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտնինն օպերատիվ տեղակացվում էր, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում:

Դեպքը տեղի է ունեցել Կրեմլից ոչ հեռու՝ այն հրապարակում, որտեղ խորհրդային տարիներին կանգնած էր ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու արձանը:

XS
SM
MD
LG