Մատչելիության հղումներ

Մոսկվայի հարձակման մասին տեղեկությունները դեռ հակասական են


Մոսկվայում հարձակումը տեղի է ունեցել Լուբյանկա հրապարակում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ կամ շենքում: Լրատվական գործակալությունները հակասական տեղեկություններ են հաղորդում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հարձակվողները երեք հոգի էին, Անվտանգության դաշնային ծառայությունը խոսում է մեկ մարդու մասին: «Ինտերֆաքս»-ը պնդում է, որ կրակոցներ արձակած անձը միայնակ է եղել և չի կարողացել ներս մտնել ընդունարան: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է հինգ վիրավորների և մեկ զոհի մասին, որը սպա է։ Կան արդյոք վիրավորների մեջ քաղաքացիական անձինք, թե՝ ոչ, այս պահին նույնպես հայտնի չէ։

Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայողների օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ: Russia Today հեռուստաալիքն իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ հատուկ ծառայությունները հարձակումն «ահաբեկչական գործողություն» են որակել:

Բոլշայա Լուբյանկա փողոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով արգելափակվել երթևեկությունը, մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի մի քանի ելքեր շարունակում են մնալ փակ: Դեպքի վայրում էլ շարունակում են մնալ մի քանի հրշեջ մեքենա և շտապօգնությունը:

Տեղի ունեցածի պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Կրեմլի Մեծ պալատում, որտեղ անցնում էր Ռուսաստանի անվտանգության կազմակերպությունների աշխատողի օրվան նվիրված տոնական համերգը: Նախագահի հետ միասին միջոցառմանը մասնակցում էին Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները: Ըստ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի, Պուտինն օպերատիվ տեղեկացվում է, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG