Մատչելիության հղումներ

Վերաքննիչի դատավորը մերժեց իր ինքնաբացարկի՝ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը


Դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննության ժամանակ դարձյալ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր հնչել: Փաստաբանների առաջարկի հիմքերից երկուսը կապված էին դատավորի եղբոր հետ: Նա 2018-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Սերժ Թանկյանի գրառումը, որտեղ ռոք երաժիշտը գրել էր նաև. «Ուրախ եմ տեղեկանալ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին քրեակատարողականում է»:

Դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ինքն ուղղակի կիսվել է BBC-ի այդ հոդվածով, որը վերաբերում էր Հայաստանում ընտրական զարգացումներին:

Միջնորդության մեկ այլ հիմքով փաստաբանները վկայակոչում էին ՍԴ դատավոր, նախկինում Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի 2016 թվականի ֆեյսբուքյան այն գրառումը, որով Գրիգորյանը տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել փաստաբաններ Դավիթ Աբգարյանի և Տիգրան Աթանեսյանի գործին։ Գրառումը հավանել է փաստաբանի քույրը՝ դատավոր Լուսինե Աբգարյանը: Սա, ըստ Քոչարյանի փաստաբանների, վկայակոչում է այն մասին, որ Աբգարյանը կապեր ունի Վահե Գրիգորյանի հետ, ով այս գործով կողմ է հանդիսանում:

Դավիթ Աբգարյանն ասել էր նաև, որ Վահե Գրիգորյանի հետ զուտ գործնական շփում է ունեցել:

XS
SM
MD
LG