Մատչելիության հղումներ

Ռուբինյանն արձագանքում է Պետդեպարտամենտի հայտարարությանը


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Առաջին հերթին պետք է արձանագրել, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներն ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ազատության» հետ զրույցում արձագանքելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մեկնաբանությանը Սենատի թիվ 150 բանաձևի առնչությամբ:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Սենատում անցած շաբաթ ընդունված բանաձևը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը չի արտացոլում: «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումն արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ», - ասել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:

Ռուբեն Ռուբինյանը, մինչդեռ, շեշտում է․ - «Նախ պետք է ֆիքսել, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատները, ըստ էության, ընդունել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ես կարծում եմ, որ սա կարևորագույն քայլ է ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ այս ոճրագործության դատապարտման, պատմական արդարության վերականգնման և նման ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ, և մենք շատ ուրախ ենք, որ այս փոփոխությունը կա: Մենք նաև կարծում ենք, որ սա պետք է որոշակի փոփոխություններ բերի, կամ հույս ունենք, որ նման փոփոխություններ կբերի ԱՄՆ քաղաքականության հարցում»:

Իհարկե, նշեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, «շատ լավ կլիներ, եթե ԱՄՆ Պետդեպը անմիջապես փոխեր իր դիրքորոշումը և այն համապատասխանեցներ Կոնգրեսի դիրքորոշմանը»: «Սակայն ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը երկար գործընթաց է եղել, պետք է նայենք, թե որքան տարիներ են անցել, հենց նույն Կոնգրեսի դեպքով պետք է նայել, թե որքան տարիներ են անցել, մինչև մենք ունեցանք այս աներկբա ճանաչումը և դատապարտումը», - ընդգծեց Ռուբինյանը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ մեր համայնքը կշարունակի աշխատանքները այս ուղղությամբ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը եղել է և շարունակում է լինել, և մենք ոչ միայն ԱՄՆ-ի դեպքում, այլ աշխարհի բոլոր պետությունների դեպքում շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ», - հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

XS
SM
MD
LG