Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները դժգոհ են՝ անձին խոշտանգած ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել


Համացանցում տարածված խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութում երևացող ոստիկաններից ոչ մեկի նկատմամբ մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր հայտարարեց տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ տեղեկացնելով՝ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ անձը բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, հետո ընդունել է մեղքը և դատապարտվել ազատազրկման:

«Երկար ժամանակ էր, որ վարույթ իրականացնող մարմինն առնվազն նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ ձեռք բերեր և այդ անձանց մեղադրանք առաջադրեր, քանի որ տեսանյութերով բոլորս տեսանք, թե ինչ ձևի դաժանությամբ ցուցմունք են փորձում կորզել», - ասաց նա:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են 4 հոգի բռնի ուժով՝ մահակով հարվածելով, հակագազը գլխին հագցնելով ցուցմունք կորզում Արմեն Մարտիրոսյանից։ Տուժողի կնոջ քույրը՝ Մերի Գրիգորյանը, պատմում է՝ իր ազգականի նկատմամբ կտտանքներն այդ 1 օրով չեն սահմանափվել:

«Հոդվածով դատվել է այդ մարդը, սուտ հոդվածով, 3 օր էտպես ծեծել են, 3 օր, դա չի եղել 1 օր, դատախազը չի մեղադրվել, ով որ իրեն դատել է, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել, նրանք հանգիստ պտտվում են մեր մեջ», - հայտարարեց Մերի Գրիգորյանը:

Արա Ղարագյոզյանն էլ ավելացրեց, որ տուժողին բազմաթիվ սենյակներ են մտցրել և խոշտանգել են. - «Ի վերջո, ցուցմունք են կորզել, որ այդ գողությունն այդ անձն է կատարել և դրա համար դատապարտվել է»:

Ըստ Գրիգորյանի, հարուցված «կեղծ գործը» խոշտանձված անձի դեմ պետք է հանվի, քննվի, իսկ անձը պիտի արդարացվի. - «Նա ունի առողջական խնդիրներ, կինը, երեխան ունեն առողջական խնդիրներ»:

Տեսանյութի քննության արդյունքում ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ղարագյոզյանը մտահոգություն ունի, որ այդուհանդերձ իրավապահներն արդյունավետ քննություն չեն իրականացնում։ Ըստ նրա, անգամ մինչև օրս տուժողի և տեսանյութում ծեծն իրականացնողների միջև առերեսում տեղի չի ունեցել։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի գնահատմամբ էլ՝ սա ցինիզմի գագաթնակետն է, որը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական բացատրություն. - «Սրանից ավելի բացահայտ դեպք, սա բացառիկ դեպք է ինչո՞վ, ոչ թե գործողություններով, որովհետև նմանատիպ գործողությունները, ավելի վատ գործողություններն իրականացվել են շատ մեծ քանակությամբ թվով մարդկանց նկատմամբ: Բայց ինչո՞վ է սա բացառիկ, որ մենք տեսնում ենք ու գիտենք, թե հատ-հատ ով ինչ է արել: 4 հոգու մասին չէ խոսքը, նաև 5-րդի, ով նկարահանել է դա, նա էլ ուրիշ հանցագործություն է կատարել, իմացել է այդ հանցագործության մասին ու չի հայտնել: Այսինքն՝ մենք այստեղ պիտի ունենանք 5 մեղադրյալ: Մենք ունենք զրո մեղադրյալ, այ սա է արդյունքը այս աշխատանքի», - շեշտեց Կարապետյանցը:

«Հեղափոխությունից հետո ունենք լեգիտիմ իշխանություն, բայց արդարադատություն իրականացնող մարմիններում որևէ շարժ չի եղել», - մտահոգություն են հայտնում իրավապաշտպանները՝ պնդելով, որ գործը պատրաստ են հասցնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նինա Կարապետյանցի պնդմամբ՝ դատախազությունը, ԱԱԾ-ն չեն արձագանքել այս խնդրին, հիմա հենց նրանց է հանձնարարված բացահայտել այս գործը։

«Իրենք իրենց դեմ քրեական գործեր պիտի բացահայտեն, չի լինելու այդպիսի բան, որովհետև չի եղել ոչ մի փոփոխություն՝ բացառությամբ 1-2 բարձր պաշտոնյա, որոնք նախկինում նույնպես աշխատել են այդ նույն կառույցներում: Այնտեղ այդպես ընդունված է ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տալիս, դա ընդունված կարգ է, դա շատ վատ ավանդույթ է», - ասաց նա:

Արա Ղարագյոզյանն էլ հավելեց, որ ընդհանրապես խոշտանգումները, մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետք է Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում լինի. - «Այլև քանի որ մենք ունենք լեգիտիմ իշխանություն, Ազգային ժողովում կա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, և պետական մակարդակով իշխանությունները պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերեն խոշտանգումների գործերին»:

Տեսանյութում ծեծի ենթարկված տղամարդը՝ Արմեն Մարտիրոսյանը, հիմա էլ ազատության մեջ չէ, բանտում է մեկ այլ քրեական գործով։ Ընտանիքի անդամներն ասացին՝ գործը կապ ունի թմրանյութերի հետ։ Կասկածում են, որ այս դեպքում էլ իրավապահները ցուցմունքը արդար ճանապարհով չեն ստացել։

Հավելենք՝ մինչ օրս Հայաստանում որևէ մեկը չի դատապարտվել խոշտանգում կատարելու համար, մինչդեռ Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի 12 վճիռ ունի:

XS
SM
MD
LG