Մատչելիության հղումներ

Առաջարկվող առողջապահական հարկը ոչ թե բեռ է լինելու, այլ խնդրի լուծում, պնդում է նախարարը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պարբերաբար փորձում է հիմնավորել իր ղեկավարած գերատեսչության առաջարկը՝ աշխատավարձի մինչև 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանելու միջոցով ներդնել առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգ Հայաստանի ամբողջ բնակչության համար:

Նախարարը Կարլեն Ասլանյանի հյուրն էր: Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արսեն Թորոսյան․ - Սա որևէ հարկի ներդրման նախագիծ չէ, սա ընդամենը առաջարկ է մի կարևոր խնդրի լուծման, որը Հայաստանում կա Սովետական Միությունի փլուզումից ի վեր՝ դա ֆինանսական պաշտպանվածություն ապահովելն է Հայաստանի Հանրապետության բոլոր կամ մեծ մաս քաղաքացիների համար, որի մեղադրանքները մենք հենց հիմա էլ ստանում ենք՝ ինչո՞ւ, օրինակ, ես պետք է վճարեմ 5 միլիոն դրամ գլխուղեղի վիրահատության համար, 3 միլիոն դրամ, ասենք, աորտայի անևրիզմայի վիրահատության համար․․․

«Ազատություն»․ - Կամ ինչո՞ւ պիտի հիվանդ մնամ փող չունենալու համար․․․

Թորոսյան․ - Հա, կամ ինչո՞ւ․․․ Եվ մենք առաջարկում ենք դրա լուծումը: Դրա լուծման համար կա ֆինանսական ճեղք՝ մեծ՝ 140, 135-140 միլիարդ դրամի, նախնական հաշվակներով, ճեղքի լրացման երկու մեխանիզմ կա՝ կա՛մ հավելյալ միջոցներ ներգրավել, որը առաջարկվում է հարկի կամ վճարի տեսքով, կա՛մ ոչ մի հավելյալ միջոց չներգրավել, սակայն գոյացող արդեն միջոցները ուղղել այդ ուղղությամբ: Հիմա, Կառավարությունը կորոշի՝ որ ուղղությամբ գնալ, քանի որ մենք այս պահին չունենք որոշում, որ մենք բյուջետային հավելյալ միջոցներ կստանանք, ես հավելյալ աղբյուր եմ առաջարկել: Աղբյուրի շուրջ կարող ենք բանակցել, կարող ենք 6 տոկոս հաշվարկային թիվը, որը ընդամենը հաշվարկային թիվ է՝ կարող է լինել 7, 5 կամ 3, մենք ի սկզբանե չենք որոշել, որ պետք է լինի 6, ի դեպ, տարբեր մասնագետներ նաև ասում են, որ բավական ցածր թիվ եք հաշվել, որոշ մասնագետներ ասում են՝ մենք հաշվել էինք 4, բայց էդ ամեն ինչը հաշված է՝ ակտուարական հաշվարկներով, հիվանդացության դեպքերի փոխհատուցման չափերով, բժիշկների աշխատավարձով, լավ գներով, որ հավելյալ կողքից եկամուտներ չակնկալեն բժիշկները, ու ստացվել է 6, սակայն եթե մենք, օրինակ, որոշենք, որ կենսաթոշակառուների բեռը վերցնում է պետությունը իր վրա, ինչը շատ լավ գաղափար է, տոկոսը կարող է իջնել 1,5 տոկոսով՝ դառնա 4,5 տոկոս: Հաջորդը՝ գործազուրկների, որոնք որ պաշտոնապես գրանցված են սոցապ նախարարությունում, թեկուզ ժամանակավոր, ասենք՝ 6 ամսով, որ նրանք շահագրգռված լինեն գնալ գործ գտնել, վերցնի պետությունը ևս 1 տոկոսով: Մեկ ուրիշ բան ասեմ՝ փաթեթը կարող է փոքրանալ, որը ամենաանցանկալի բանն է, և ևս իջնի, ասենք, 1 տոկոսով:

Այսինքն՝ մենք, չասենք՝ իդեալական, բայց շատ օպտիմալ և լավ տարբերակ ենք առաջարկել, որի շուրջ կարող ենք քննարկումներ անել և ի վերջո ներդնել կամ ներ չդնել:

«Ազատություն»․ - Բայց միևնույն է՝ մենք հարկեր վճարում ենք, և Կառավարությունն էլ պարծենում էր, որ հունվարից իջեցնելու է այդ հարկերը: Հիմա Դուք ասում եք՝ չէ, նորից վճարեք:

Թորոսյան․ - Մեր բոլորի վճարած հարկերով, Դուք նաև տեսնում եք, թե ինչպիսի ավել հանրային ծառայություններ են մատուցվում՝ թե՛ մեր ոլորտում, որ ավելի առաջանցիկ տեմպերով է ֆինանսավորվում, թե՛ ընդհանրապես երկրում, և էդ գոյացող հարկերից, ամեն դեպքում, պետությունը հիմա 110 միլիարդ դրամ ծախսում է բազմաթիվ խոցելի խմբերի առողջական հարցեր լուծելու համար:

Ես չեմ համարում, որ սա բեռ է լինելու աշխատակցի վրա, ես համարում եմ սա խնդրի լուծում մի մեծ բեռից, որովհետև դու վճարելով ամսեկան 10, 20, որոշները՝ 50 հազար դրամ թեկուզ՝ բարձր աշխատավարձ ստացողների մասին է խոսքը, նրանք ազատվում են մի մեծ բեռից և ազատում են իրենց ընտանիքի անդամներին՝ իրենց ծնողներին, իրենց, չգիտեմ, քույր-եղբայրներին, որոնք որ էս պահին դեռ չեն կարողանում վճարել որևէ բան, որովհետև եկամուտ չունեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG